Հոկտեմբերի 16-ը հայ մամուլի օրն է: Ոլորտի ձեռքբերումների և բացթողումների մասին Araratnews.am-ի թղթակցի հետ զրուցել են մասնագետները, ինչպես նաև նախկին և գործող լրագրողները: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով այսօրվա մեր մամուլի հիմնական բացերը կայանում են նրանում, որ որոշ դրական զարգացումներ, որ մենք ունեցել ենք վերջին երկու տարիների ընթացքում այդպես էլ կայուն միտումներ չդարձան: «Մեր մամուլը շարունակում է գտնվել քաղաքական շրջանակների շատ ուժեղ ազդեցությունների տակ և ավելի շատ ծառայում է հենց այդ այդ քաղաքական շահերին, քան բավարարում է հանրության պահանջարկը»,- կարծիք է հայտնել Նավասարդյանը, իսկ ինչ քայլեր են անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար հարցին, ԵՄ ակումբի տնօրենը պատասխանել է, որ դա պետք է համալիր գործընթաց լինի, որն իր մեջ ներառում է օրենսդրական բարեփոխումներ, որոնք կհամապատասխանեին եվրոպական չափանիշներին, քանի որ մեզ մոտ լրատվամիջոցների զարգացման մոդելը եվրոպական մոդել է, և հենց այդ ուղղությամբ էլ, ըստ Նավասարդյանի, մենք պետք է շարունակենք: «Եվ բանականաբար կրթությունն է կարևոր ինչպես լրագրողի, այնպես էլ լսարանի համար, այսինքնˋ մեդիագրագիտության զարգացում, քանի որ տեղեկատվական հոսքերը շատ բազմազան են, շատ ակտիվ են, իրենց մեջ պարունակում են բավականին շատ և՛ կեղծիք, և՛ մանիպուլյացիաներ, և անհրաժեշտ է, որպեսզի լսարանը պատրաստ լինի կողմնորոշվել այդ հոսքերի մեջ»: Իր խոսքի վերջում Բորիս Նավասարդյանը մամուլի ներկայացուցիչներին հորդորել է լինել լավ քաղաքացի, քանի որ դա, ըստ նրա, ՀՀ շատ պետք է:
ԱԺ պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտա Եսայանը մեր թղթակցի հետ զրույցում շնորհավորել է բոլոր լրագրողներին հայ մամուլի օրվա կապակցությամբ և մաղթել է հնարավորությունˋ ավելի ազատ սեփական դիրքորոշումն արտահայտելու և հասարակությանն անկողմանակալ և ճիշտ տեղեկատվություն հաղորդելու համար: Ըստ նրա, այսօրվա մամուլը գոյատևում է հրաշալի պայմաններում, որովհետև խոսքի այն ազատությունը, ինչն այսօր ունենք, ըստ պատգամավորի, երբևէ չենք ունեցել. «Ես աշխատել եմ նաև խորհրդային լրագրության տարիներին և անցել եմ խորհրդային գրաքննության դպրոցով, և ինձ համար հատկապես կարևոր է այսօրվա ազատությունը, ինչպիսին մենք այսօր ունենք: Պարզապես ես մաղթում եմ մեր այսօրվա լրագրողներին, մեզ բոլորիս, որ այդ ազատության մեջ չափի զգացումն երբեք չկորցնենք, որովհետև շատ ազատ լինելը երբեմն բերում է մի այնպիսի վիճակի, որի արդյունքում ստիպված ես լինում այդ ազատությունից հասարակությանը պաշտպանել, եթե լրատվամիջոցներին տրված է ազատություն, ուրեմն պիտի չգրեն այն, ինչ խելքներին փչում է»,-նշել է Մարգարիտա Եսայանը: Մեր թղթակցի այն հարցին, թե ներկայիս պայմաններում, երբ բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ լրատվական դաշտը ֆինանսավորվում է այս կամ այն օլիգարխի միջոցներով, ինչպե՞ս է հնարավոր ունենալ խոսքի ազատություն, պատգամավորը նկատել է.«Ես չեմ խոսում մամուլի ազատության մասին, ես խոսում եմ ազատ խոսքի մասին, ես խոսում եմ ազատության մասին: Այսօր ակնհայտ է, որ այս կամ այն օլիգարխը, այս կամ այն քաղաքական ուժը, որոնք բավարար ֆինանսական միջոցներ ունեն՝ սնկի նման աճող կայքեր, թերթեր են ստեղծում և դրանք ուղղորդում են ըստ իրենց ճաշակի, որը շատ վտանգավոր է, ես երբ խոսում եմ խոսքի ազատության մասին, բոլորովին նկատի չունեմ, որ մամուլը ազատ է։ Ես նկատի ունեմ, որ խոսքի ազատությունն այսօր բացարձակ է և գոյություն ունի, պարզապես հենց այդ ազատությունը նույն այդ օլիգարխների, նույն այդ քաղաքական ուժերի, նույն այդ փողատերերի կողմից ստեղծված մամուլը իրավունք չունի չարաշահել, և եթե որևէ մեկը հանրավորություն ունի ստեղծել լրատվամիջոց, երբեք չպիտի մոռանա, որ դա, կներեք, ոչ իր հոր դուքյանն է, այլ դա մի լուրջ մասնագիտություն է, և երբեք որևէ մեկի քսակի պարունակությամբ չպիտի որոշվի այս մասնագիտության պատիվը, այս մասնագիտության պատիվը պետք է բարձր պահեն պրոֆեսիոնալ լրագրողները»,-Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցն եզրափակել է պատգամավորը:
Էմմա Պալյան