Լրագրող Գայանե Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է մամուլի ազատության օրը:
Այսօր մամուլի ազատության օրն է: Տիրոջ և մարդու հարաբերության հենքը ազատությունն է, ազատ կամքը: Եթե Արարիչը իր արարածին ազատություն է շնորհել, ապա որքան տխուր է, երբ մարդն ինքն իրեն զրկում է Տիրաշնորհ պարգևից: Ինքնիշխան հպարտությունը փոխարինելով նվաստ կախվածությամբ՝ փողից, ինչքից, սեփական հավակնություններից, մարդահաճո լինելու մղումից: Ու կրում է ստրկության ծանր լուծը:
…Նրանք, ովքեր ճանաչում են ճշմարիտ, բարձրորակ ու ազնիվ լրագրություն ստեղծելու հաճույքը, իրենց գեղեցիկ մասնագիտության պարգևած տոնը վայելում են ամեն օր: նրանք, ովքեր քոփի- փաստ անողների դասից չեն, այլ ասելիք ունեն, սեփական կարծիք, վերլուծելու, եզրահանգելու կարողություն, ովքեր ակնարկագիր Հրանտ Մաթևոսյանի ու էսսեագիր Վարդգես Պետրոսյանի հետնորդ են, ովքեր իրենց պատմություններով մարդու ու աշխարհի մասին՝ լույս ու բարություն, սեր ու կարեկցանք են ցանում մարդկանց հոգիներում, գիտեն իրենց արժեքը ու իրենց գրի արժեքը: Նրանք ունեն լսարան, նրանց ճանաչում ու սիրում է ժողովուրդը: նրանք գուցե լրագրության սպեկուլյանտների պես ճոխ չեն ապրում, բայց փոխարենը պատիվ ունեն, որովհետև այն չեն փոխել տռուզ ծրարների հետ, չեն ծնկել կերակրատաշտի առաջ ու պատվեր չեն կատարել: Լրագրության մեջ պատահաբար հայտնված պատեհապաշտներին, հետնապահ միջակներին, մարտնչող գորշերին չեմ շնորհավորում, որովհետև ինչքան էլ շնորհավորեմ, օրը տոն չի դառնա նրանց համար: Ուրեմն՝ թող շնորհավոր լինի լրագրության բարձր նշաձողը ազնվաբար պահող եզակիների տոնը: Լրագրությունը սոսկ մասնագիտություն չէ, բարոյականություն է, առաքինությունների համատեղում է, հոգեբանություն է, աննշմարը սրտի աչքերով տեսնելու շնորհ է, գեղարվեստական խոսքի տաղանդ է, մարդու հոգու հետ խոսելու կարողություն է: Լրագրությունն ազատություն է: Վայելեք տոնը, որ միշտ ձեզ հետ է: