Մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ դատապարտել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողին և օպերատորին հարվածելու միջադեպը: Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարության մեջ, որին միացել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և այլն:
«Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Արարատի մարզի Հովտաշեն համայնքում մի քանի տասնյակ բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանի և օպերատոր Սիմիկ Մայիլյանի վրա, հարվածել նրանց, վնասել տեսախցիկը։ Նկարահանող խմբին հաջողվել է փրկել տեղի ունեցածին վերաբերող նկարահանված կադրերի մի մասը, որոնցում պարզորոշ երևում է բռնության փաստը», — ասված է հայտարարության մեջ։
«Էպիկենտրոն» լրատվական գործակալության տնօրեն Վարդուհի Մելտոնյանի փոխանցմամբ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցներն, ի թիվս այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների, գնացել էին Հովտաշեն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարանի շուրջ ծագած խնդիրները լուսաբանելու։
«Պահպանված կադրերում երևում է, որ բնակիչների կողմից հարձակումը եղել է թիրախավորված և նպատակ է ունեցել խոչընդոտել հենց տվյալ հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը», — նշել են լրագրողական կազմակերպությունները՝ հավելելով.
«Մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրողական մասնագիտական գործունեության խոչընդոտման և սանձազերծված բռնության կապակցությամբ։ Իրավապահ մարմիններից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»։