Armtimes.com-ը գրում է.
Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած փոխհրաձգությունը ունեցել է նախապատմություն:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանը՝ մանրամասնելով.
«Մարտ ամսվա կեսերին Գավառում գտնվող գիշերային ակումբներից մեկի զուգարանում Գավառի բնակիչ Արմեն Հայթյանի եղբորորդու՝ Արամ Հայթյանի կողմից լվացարանում թքելու պատճառով վիճաբանություն եւ քաշքշուկ է տեղի ունեցել Նորատուսի բնակիչ Հովիկ Հակոբյանի ընկերոջ՝ Արման Մելքոնյանի միջեւ, որի հետեւանքով Մելքոնյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Դրանից հետո՝ մարտի 23-ին, Արամ Հայթյանը մի խումբ անձանց հետ Գավառ քաղաքում ծեծի է ենթարկել Հովիկ Հակոբյանին՝ պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ դրա առթիվ առանձին քրեական գործ է քննվում Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում. «Ապրիլի 28-ին արդեն՝ փոխհրաձգությունից ժամեր առաջ, Արմեն Հայթյանի կողմնակիցները նրան պատկանող մեքենայով հետապնդել են Հովիկ Հակոբյանի մեքենային, որի ղեկին եղել է Արման Մելքոնյանը. հետապնդողներից մեկին հաջողվել է փայտե մահակով կոտրել մեքենայի աջ ապակին»,- պատմեց քննիչը՝ հավելելով, որ Հովիկ Հակոբյանին ծեծի ենթարկողների հետ վրեժ լուծելու նպատակով նույն օրը՝ արդեն 17:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, որոնց թվում են նաեւ զոհված Պարոնիկյանը եւ Ավետիսյանը, ապօրինի ձեռք բերված հրազեններով իրենց կողմնակիցների հետ Ազատության փողոցում հանդիպել են Արամ Հայթյանի հորեղբոր՝ Արմեն Հայթյանի եւ նրա կողմնակիցների դիմադրությանը, որի ժամանակ էլ տեղի է ունեցել փոխհրաձգությունը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում