Hayeli.am-ի հարցազրույցը Արփի Սիրադեղյանի հետ
-Վերջին անգամ ե՞րբ ես տեսել հայրիկիդ:
-Վերջին անգամ տեսել եմ 13 տարի առաջ, իր տանը: Դատական քաշքշոցների շրջանն էր, պապայի ճնշումը շատ բարձր էր: Ես գնացել էի նրան տեսակցելու:
-Ի՞նչ տրամադրություն ուներ Վանո Սիրադեղյանն այդ օրերին:
-Տրամադրությունից ոչինչ չէիր հասկանա. Ցույց չէր տալիս: Ներքուստ զգում էի, որ ինչ-որ բան այն չէ: Բայց ինքս չէի հասկանում, թե որտեղից է այդ տագնապը: Ուզում էի հարց տալ, բայց չէի կարողանում: Ուղղակի հստակ տագնապ էի զգում: Եվ այդ օրը տանը ընկերներից մեկին պատմեց. “Առավոտյան ձեռքս գցեցի, որ համոզվեմ երեխաս կողքիս է…”: Խաչատուրի մասին էր խոսքը: Էդ ժամանակ մտածեցի, որ պապաս վախ ունի, թե մի օր կարթնանա ու երեխան կողքը չի լինի: Երկար նայեցի պապային: Ինքը փորձում էր թաքցնել իր տագնապները: Հաջորդ օրը իմացա, որ գնացել է…Դրանից հետո նրան էլ չտեսա:
—Նրա հեռանալուց հետո շա՞տ բան փոխվեց քո կյանքում:
-Իմ հայրը ինձ համար միայն ծնող չէր: Նա իմ լավագույն ընկերն էր, իմ թիկունքն էր, իմ խորհրդատուն: Նա իր երեխաների ընկերն էր: Հիմա բառեր չեմ գտնում: Ինձ դժվար է պատմել…
-Միասին խոսել եք մեծ երազանքների մասին: Մի առիթով ասել էիր, որ երազում էր մեծ տուն ունենալ…
-…Որտեղ կապրեինք բոլորս միասին: Իր կիսատ մնացած երազանքն է: Ու երազում էր ազատ, անկախ Հայաստանի կայացումը: Իր ժողովրդին ուզում էր լավ վիճակում տեսնել: Հայրս սիրում էր մեր երկիրն ու իր ժողովրդին:
-Ի՞նչ կասեիր նրան այսօր` իր ծննդյան օրը:
-Էնքան շատ բան ունեմ ասելու… Դժվար է երկու նախադասությամբ ասել-ավարտել: Անցյալ տարի գրել էի. “Կուզեի 65-ամյակդ անցկացնել քեզ հետ` Հաղարծին վանքում: Հիմա մտովի կանգնած եմ վանքի գմբեթի տակ, գինով լի բաժակս խփում եմ բաժակիդ ու ասում` ծնունդդ շնորհավոր“:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում: