Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդները հանդիպել են Մոսկվայում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արել է մի շարք ուշագրավ հայտարարություններ` փորձելով Ռուսաստանի և Բելառուսի «եվրոպական» խնդիրները վերագրել նաև ՀԱՊԿ-ին:
«Ամերիկացիները և Արևմուտքը փաստացի գնում են իրավիճակի սրմանը: Առայժմ, և դա շատ կարևոր է և վտանգավոր, անում են դա տնտեսության և ֆինանսների միջոցով: Նրանք փորձում են մտցնել և մտցնում են հստակ տնտեսական պատժամիջոցներ», — ասել է Լուկաշենկոն Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Նրա կարծիքով` ի պատասխան պատժամիջոցների կարելի է գործարկել անդամ պետությունների ներքին հնարավորությունները: «Մենք կարող ենք հաղթահարել պատժամիջոցները, ես ամբողջությամբ վստահ եմ դրանում: Վախենալ էլ պետք չէ: Ուղղակի անհրաժեշտ է այս իրավիճակում գործի դնել յուրաքանչյուր երկրի ներքին պոտենցիալը, իսկ այն փոխլրացնող է», — ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն կոչ է արել գործընկերներին մոբիլիզացվել և հաղթահարել պատժամիջոցները: «Մենք այլ ելք չունենք, բացի միասին լինելուց: Առանձին-առանձին կլինի այն, ինչ Ուկրաինայում է», — ասել է Լուկաշենկոն:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը Լուկաշենկոյի կողմից Բելառուսի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաղթահարումը Հայաստանին և անդամ մյուս պետություններին վերագրելու փորձին:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոյի կառավարման առաջին տարիներից Արևմուտքը լուրջ պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի դեմ՝ այստեղ մարդու իրավունքների համատարած ոտնահարման պատճառով: Իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սկսել են կիրառել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններից հետո: