Երիտասարդը կորցրել է կառավարումն ու բախվել բետոնե պատնեշին։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել։
Լոս Անջելեսում մահացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի շարասյան 16-ամյա մասնակիցը։ Այս տեղեկությունը հայտնում է «Զարթոնքմեդիան»։ Երեկ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով նա և իր չորս հասակակիցները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Վթարը տեղի է ունեցել Ջեֆերսոնի այգու մոտ, արագընթաց մայրուղում։ Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել։
Նշվում է, որ տղան կորցրել է կառավարումն ու բախվել է բետոնե պատնեշին։ Վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել, այնտեղ բժիշկները արձանագրել են նրանցից մեկի մահը։
«Ճանապարհային ոստիկանությունը հետաքննում է վթարի հանգամանքներն ու պատճառը», — նշված է CHP-ի կայքում։
Բոլոր ականատեսներին ու տեղեկություն ունեցող անձանց խնդրել են կապ հաստատել իրավապահ մարմինների հետ։
Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայությունը նշում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության տարելիցը, տարբեր երկրներում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում։