Լոս Անջելեսի իշխանությունները որոշում են կայացրել քննարկման ընդունել այն օրնագիծը, որը թույլ է տալիս բնակիչներին, ավելի շատ կատուներ ունենալ, քան ներկայումս սահմանված է օրենքով: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը:
Ներկայումս, Լոս Անջելեսի բնակիչներին թույլատրվում է ունենալ մինչև երեք կատու: Նոր օրինագծով կթույլատրվի այդ թիվը հասցնել հինգի:
Այս նախաձեռնության հեղինակը Կենդանիների բարօրության խորհրդի նախագահ Փոլ Կորեցն է: Նրա կարծիքով` այս քայլով հնարավոր կլինի կրճատել կենդանիների համար նախատեսված կացարաններում պահվող կատուների թիվը:
Սակայն Կորեցի այս առաջարկը ոչ միանշանակ է ընդունվել բնակիչների շրջանում: Դեմ արտահայտվողները պարտադիր պահանջում են, որպեսզի իրականացվի կենդանիների ստերիլիզացիա և չիպավորում: