Կանանց միջազգային օրվա առիթով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ Վանաձորում կանանց և աղջիկներին, բազմաթիվ հաճելի անակնկալներ մատուցվեցին:
Մարզի ղեկավարը և մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ այսօր Հայքի հրապարակից շարժվելով, Լոռու մարզի փրկարարական վարչության, շտապօգնության ծառայության և ոստիկանության աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ ծաղիկներ նվիրեցին մարզկենտրոնի կանանց և աղջիկներին՝ շնորհավորելով նրանց Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Հատկապես տպավորիչ էր, երբ փրկարարները, օգտագործելով հրշեջ մեքենաների սանդուղքները, մարզի ղեկավարի կողմից ծաղիկներ էին մատուցում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բնակարանների լուսամուտներից: Պակաս անակնկալ չէր շտապօգնության խմբերի՝ ճանապարհներին կանգնելն ու կանանց ծաղիկներ նվիրելը: Կանանց ծաղիկներ նվիրելու հաճելի գործում դերակատար էին նաեւ Վանաձորի իրավապահներն ու ճանապարհային ոստիկանները:
Մարզկենտրոն Վանաձորի գլխավոր Տիգրան-Մեծ պողոտան դարձել էր դեպքի վայր. փրկարարներ, ոստիկաններ ու բժիշկներ, որոնց առաքելությունն այսօր մեկն էր՝ մեկ անգամ եւս գնահատել կանանց ու աղջիկներին: Լոռու ճանապարհային ոստիկաններն էլ իրենց հերթին էին կանգնեցնում կին վարորդների ավտոմեքենաները, շնորհավորում տոնի առթիվ ու ծաղիկներ նվիրում՝ մաղթելով բարի ճանապարհ: