Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գումարվում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը:
Լոնդոնի ընտրությունը պատահական չէ, Հյուսիսատլանտյան դաշինքը հիմնադրվել է 70 տարի առաջ՝ 1949 թվականի ապրիլի 4-ին, Վաշինգտոնում, իսկ առաջին կենտրոնակայանը հենց Լոնդոնում էր՝ Բելգրեյվի հրապարակում: Երկու տարի անց այն տեղափոխվել է Փարիզ, այսօր կենտրոնակայանն արդեն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում է: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։
«Մենք շնորհակալ ենք Մեծ Բրիտանիային գագաթնաժողովը հյուրընկալելու համար, Լոնդոնում էր մեր առաջին կենտրոնակայանը, Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի 12 հիմնադիր հայրերից մեկն է», — ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի անդամների թիվը հասել է 29-ի:
Լոնդոնյան գագաթնաժողովի օրակարգում են կիբերանվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայի իրավիճակը և հարաբերությունները հետզհետե հզորացող երկու գերտերությունների՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ: Կքննարկվի նաև ֆինանսավորման թեման: