Կառավարության հինգշաբթի օրվա նիստում հավանություն է տրվելու «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Նախագծի հեղինակը Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանն է:
«2013 թվականի սեպտեմբերի 6-ին Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման նպատակով մշակվել և արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն են արժանացել մի շարք իրավական ակտերի նախագծեր: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հեղինակին առաջարկում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մեկ միասնական նախագծերի փաթեթ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար»,- ասված է կառավարության եզրակացության հիմնավորման մեջ: