Այսօր մեկնարկում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Բաքու։ Այնտեղ նա հանդիպումներ է ունենալու երկրի ղեկավարության հետ ու ի թիվս այլ հարցերի, քննարկելու է նաև Արցախյան հակամարտությունը։
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում կողմերին օժանդակությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվին է դասվում և գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասվում է այցի կապակցության ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը պնդում է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, կողմերի միջև երկխոսության միջոցով։ Իսկ Մոսկվան, ըստ հաղորդագրության, պատրաստվում է դրան օժանդակել ոչ միայն որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, այլև որպես Հայաստանի ու Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող պետություն։