Մեծարգո Սերժ Սարգսյան, ես որպես Արցախի պատերազմի Դաշտային հրամանատար, որպես Մարտական խաչի Ասպետ, որպես ԼՂՀ ԱԺ պատգամավոր, որպես Ձեզ հետ միասին Արցախի ազատագրման գործում ճանապարհ անցած անձնավորություն, հավատալով, որ այն, ինչ արել եք Նախագահի պաշտոնում՝ արել եք անկեղծ համոզումով եւ Հայաստանի եւ Արցախի անվտանգության ու զարգացման համար, արձանագրում եմ, որ այսօր ունենք մի իրավիճակ, որն էապես սպառնում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը՝ ինչի մասին հատկապես վկայեց Մաքսային միության Մինսկի գագաթնաժողովը, ցույց տալով, որ այդ միության անդամների համար Հայաստանը ոչ թե սպասված գործընկեր է, այլ շանտաժի եւ քաղաքական առեւտրի առարկա՝ Արցախի խնդրով հանդերձ:
Մենք ունենք ֆուտբոլային տապալված դիվանագիտություն, ունենք Հայաստանի ինքնիշխանության խոսուն սպառնալիքներ, ունենք ժողովրդագրական լրջագույն խնդիր՝ մեծ ծավալների հասնող արտագաղթ, հասարակության բարոյահոգեբանական անկումային վիճակ, մտավորական, գիտական պոտենցիալի սոցիալ-հոգեբանական անմխիթար կեցություն, ունենք հայրենի բնության հանդեպ անխնա եւ անտարբեր վերաբերմունք՝ հանուն մի խումբ անձանց գերշահույթների, ինչը բերել է Հայաստանում բնական միջավայրի հանդեպ լուրջ սպառնալիքի եւ բնակչության ու սերունդների առողջությանը սպառնացող վտանգների, ունենք օրենքի հանդեպ խտրական վերաբերմունք՝ երբ Ձեր շրջապատի շատ անձինք հանցագործություններ են կատարում եւ իրենք էլ որոշում իրենց պատժելիության կամ ավելի ճիշտ անպատժելիության աստիճանը: Այդ ամենի հետեւանքով, Հայաստանն ու Արցախ ներկայում մեծ վտանգի առաջ են:
Հաշվի առնելով այդ ամենը, եւ համոզված լինելով Հայաստանի ու Արցախի ապագայի հանդեպ Ձեր անկեղծ մտահոգության հարցում, Ձեզ խոհեմության եւ հրաժարականի կոչ եմ անում, որպեսզի Հայաստանի նոր իշխանությունն ունենա մանդատ եւ հնարավորություն միջազգային ասպարեզում հետամուտ լինել հայ դատին եւ հայության այլ հիմնախնդիրների պաշտպանությանն ու լուծմանը: Ես հայտարարում եմ, որ այդժամ կլինեմ Ձեր կողքին:
Այլապես, վտանգված է մեր հայրենիքը, այն հայրենիքը, որի ազատագրման համար ջենք, եռանդ ու նվիրում եք ունեցել նաեւ Դուք, այն հայրենիքը, որի ազատագրման, հաղթանակի եւ լուսավոր ապագայի համար մենք՝ ես, Դուք, մեր հազարավոր զինակից ընկերները, բոլորս՝ համայն հայության հետ անցել ենք զրկանքների ճանապարհը, իսկ մեզանից շատերը այդ ճանապարհին զոհաբերել են իրենց առողջությունն ու ամենաթանկը՝ կյանքը:
Հայտարարությունն ամբողջությամբ` Lragir.am-ում