տուն Հասարակություն Իրավական Լիազորվա՞ծ է արդյոք պարետն ընդունել նորմատիվ իրավական ակտեր. fip.am

Լիազորվա՞ծ է արդյոք պարետն ընդունել նորմատիվ իրավական ակտեր. fip.am

277
0

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 17-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած քննարկման ժամանակ հայտարարել է, որ պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ և չի կարող նորմատիվ իրավական ակտեր կայացնել:

Իրավապաշտպանը, մասնավորապես, նշել է, որ նորմատիվ իրավական ակտեր կարող են կայացնել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված մարմինները: «Եթե որևէ մեկը Սահմանադրության մեջ գտնի պարետ բառը, ես ներողություն կխնդրեմ և խոսքերս հետ կվերցնեմ: Չկա: Պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ: Ի՞նչ իրավունք ունի, առհասարակ, պարետը կանոններ սահմանել: … Ո՞վ  է պարետը, առհասարակ, Սահմանադրությամբ, որ մի հատ էլ կանոններ սահմանի, և այդ հարցը, իհարկե, բարձրացվելու է իրավական ճանապարհով», — ասել է Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքը տարածել են Tert.am-ը, News.am-ը, Panorama.am-ը, Aysor.am-ը, 168.am-ը, Times.am-ը, ArmeniaToday-ը և այլ կայքեր:

Հատկանշական է, որ ավելի վաղ՝ հունիսի 13-ին, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան էջում հրապարակած հերթական տեսաուղերձում նույնպես անդրադարձել էր այս հարցին: Նա նշել էր, որ Հայաստանում չկա պարետի պաշտոնը. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի ընկալում պարետին այն ընկալման մեջ, որն ունի Նիկոլը, որովհետև նրանք հորինել են այս պաշտոնը: Հայաստանի օրենքներով պարետը մի մարդ է, որը պետք է կոորդինացնի պարետատան աշխատանքները, և երբ գալիս են սրճարան են փակում պարետի անունից, մոտավորապես նույնն է, որ միջնադարում գալիս էին ու ասում էին, որ ֆեոդալը որոշել է, որ այս սրճարանը չպետք է աշխատի: Թե ի՞նչ օրենքով են փակում՝ դա պարզ չէ»,- նշել էր Մինասյանը։

Հունիսի 16-ին «Փաստինֆոյում» հրապարակված հարցազրույցում պարետի գործառույթների մասին հարց էր բարձրացրել նաև սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Քննարկելով պարետի վերջին որոշումը, ըստ որի՝ այսուհետ քաղաքացիների մոտ անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է, Մելոյանը նշել էր, որ պարետի որոշումներն իրավական տեսանկյունից խնդրահարույց են: «Ընդհանրապես՝ պարետի որոշումները գլոբալ հարց է։ Պարետը, որպես այդպիսի մարմին, իրավական ակտերում, օրենսդրության մեջ սահմանված չէ, և նրա կողմից ընդունված իրավական ակտերի իրավականությունը բավականին քննարկելի է։ Այսինքն՝ արդյո՞ք իրավասու է ընդունել այդպիսի իրավական ակտեր, թե՞ ոչ, խոսքը գնում է նաև ընդհանրապես մինչ այժմ ընդունած որոշումների մասին»,- ասել էր Մելոյանը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Սահմանադրությունը և արտակարգ դրության մասին օրենքը՝ պարզելու, թե արդյո՞ք պարետը որոշումներ կայացնելու իրավունք ունի:

Ինչո՞ւ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն

Մարտի 16-ին Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի բռնկմամբ: Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման նպատակով ձևավորվել է պարետատուն, որի ղեկավար՝ պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այդ պաշտոնում հաջորդող ամիսների ընթացքում Ավինյանն ընդհանուր վարքի մասին մի շարք որոշումներ է ընդունել:

Հունիսի 12-ին կառավարությունն արտահերթ նիստում որոշում է ընդունել արտակարգ դրության ժամկետը 3-րդ անգամ 30 օրով երկարաձգելու մասին:

Ի՞նչ են ասում Սահմանադրությունը և օրենքը պարետի գործառույթների մասին

Ռուբեն Մելիքյանը պնդումը, որ Սահմանադրությունում պարետ եզրույթ չի հանդիպում, ճիշտ է: Սակայն դրանից չի բխում, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարետի պաշտոնում չի կարող որոշումներ ընդունել:

Այսպես, Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կարող են ընդունել Սահմանադրությամբ նախատեսված մարմինները:

Սահմանադրության 152-րդ հոդվածի 4-րդ մասում նշում է, որ կառավարության անդամներն իրավասու են ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, իսկ 147-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչապետը, փոխվարչապետը և նախարարները կառավարության անդամներ են:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով սահմանվում է, որ արտակարգ դրության պայմաններում վարչապետը կամ փոխվարչապետը ի պաշտոնե հանդես են գալիս որպես պարետ: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պարետն իրականացնում է արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաև համակարգում է կիրառվող միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը։ «Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»,- նշվում է օրենքում:

Հետևաբար, կարելի է արձանագրել, որ օրենքում իսկ սահմանվում է, որ պարետն իրավունք ունի ընդունել որոշումներ և կանոններ՝ ըստ էության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: