Երևան քաղաքի և Լենինգրադի մարզի առևտրաարդյունաբերական պալատների միջև այսօր ստորագրվեց համագործակցության մասին համաձայնագիր: Հոկտեմբերի 15-ին Երևան է ժամանել Լենինգրադի մարզի գործարար պատվիրակությունը` Լենինգրադի մարզի առևտրարադյունաբերական պալատի նախագահ Ռաշիդ Իսմաիլովի գլխավորությամբ: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում այսօր կայացավ Բիզնես ֆորում հայաստանցի և ռուսաստանցի գործարարների մասնակցությամբ:
Ֆորումի ժամանակ ներկայացվեց Լենինգրադի մարզի սոցիալ տնտեսական իրավիճակն ու վերջին տարիների միտումները: Մարզը զբաղեցնում է 84.5 հազար քառ. կմ տարածք, որտեղ բնակվում է 1,73 մլն մարդ (66%-ը՝ քաղաքներում): Երկրամասը 2012-ին թողարկել է 17,8 մլրդ դոլար վերջնական արտադրանք և ծառայություններ (ՀՆԱ): Լենինգրադի տնտեսությունը բավականին դիվերսիֆիկացվել է և կախվածությունը նավթային ոլորտի ընկերություններից մեծ չէ, ի տարբերություն 2001թ-ի, երբ մարզի բյուջեի 40%-ն ապահովում էր 1 նավթավերամշակող ընկերություն: Այստեղ վերջին 10 տարիներին մասնաճյուղեր են հիմնել մի շարք արևմտյան անդրազգային կորպորացիաներ:
Լենինգրադի երկրամասը երրորդ տեղում է Ռուսաստանի երկրամասերի մեջ թռչնի մսի արտադրությամբ, առաջին տեղում՝ տավարաբուծությամբ և ձվի արտադրությամբ: