տուն Տնտեսական «Լեզվի մասին օրենքը գնացեք ուրիշ տեղ պաշտպանեք»,- Էկոնոմիկայի փոխանախարարը՝ ռուսերենից թարգմանություն չապահովելու...

«Լեզվի մասին օրենքը գնացեք ուրիշ տեղ պաշտպանեք»,- Էկոնոմիկայի փոխանախարարը՝ ռուսերենից թարգմանություն չապահովելու մասին

152
0

Գառնիկ Բադալյան

Հայաստանը դեռ շարունակում է բանակցությունները Մաքսային միության հետ՝ տեխնիկական կանոնակարգերն ու ստանդարտները համապատասխանեցնելու ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած համաժողովի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը: Նրա խոսքով՝ Մաքսային միությունում ընդունվել են 34 տեխնիկական կանոնակարգեր, որից ուժի մեջ են 24-ը, սակայն, ընդհանուր թվով 21 կանոնակարգերի կատարելագործման աշխատանքները դեռ շարունակվում են: Քանի որ և՛ Հայաստանի, և՛ Մաքսային միության գործող ստանդարտների հիմքը խորհրդային տարիների ստանդարտներն են, առանձնապես մեծ դժվարությունների չի հանդիպի Հայաստանը՝ իր չափանիշները ՄՄ չափանիշներին համապատասխանեցնելու ճանապարհին:

Փոխնախարարի խոսքով՝ այն կանոնակարգերն ու ստանդարտները, որոնցում Հայաստանն ավելի է մոտեցել եվրոպական չափանիշներին, Հայաստանում կպահպանվեն և ՄՄ մյուս երկրները աստիճանաբար կմոտենան դրան:

Ի դեպ համաժողովը տեղի էր ունենում ռուսերենով, թեև Էկոնոմիկայի փոխնախարարը իր բացման խոսքը գերազանցապես հայերենով ասաց (ինչը մնաց չթարգմանված ռուս գործընկերների համար): Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու չի ապահովվել միաժամանակյա հայերեն թարգմանությունը: Գ. Բադալյանն ասաց, որ այստեղ լեզվի մասին օրենքի պահանջի խախտում չկա: Փոխնախարարին զարմացրեց, որ լրագրողները միջոցառմանը եկել են և հետաքրքրվում են  ոչ թե տնտեսական թեմաներով, այլ «լեզվի մասին օրենքն են պաշտպանում»: «Հայոց Լեզվի մասին օրենքը չի տուժի, եթե մեր տնտեսությունը զարգանա: Ձեզ հետաքրքրում է հիմա տնտեսության վիճա՞կը, թե՞… Լեզվի մասին օրենքի մշակմանը ես էլ եմ մասնակցել: Լեզվի մասին օրենքը գնացեք ուրիշ տեղ պաշտպանեք: Մաքսային միությունում աշխատանքային լեզու ունենք»,- ասաց Էկոնոմիկայի փոխանախարարը: