«Չեմ կարծում, թե հայ-ռուսական հարաբերությունների դեպքում կարելի է խոսել փոխադարձ մուննաթների ցուցակով»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ խոսելով «Россия Сегодня» պետական մեդիահոլդինգի ղեկավար Դմիտրի Կիսելյովի այն հայտարարությունների մասին, թե ռուսերենը տարածված չէ Հայաստանում: Աշոտյանի ասելով՝ Հայաստանում ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները: Ռուսաց լեզուն մեզ մոտ դասավանդվում է երկրորդ դասարանից, մնացած օտար լեզուները՝ երրորդից: «Լեզվական օրենսդրության փոփոխության կարիք մենք չունենք: Հայաստանում թույլատրված է միջազգային կրթական ծրագրեր իրականացնել ավագ դպրոցի մակարդակում և գործող օրենքի համաձայն հնարավորություն կա Հայաստանում բացել 4 անգլալեզու կամ 4 ռուսալեզու կամ 4 ֆրանսալեզու դպրոց: Ռուս գործընկերները այդ քվոտայից չեն օգտվել»,- ասաց Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ Հայաստանում կա ընդամենը երկու հավատարմագրված անգլալեզու դպրոց. Մեկը Դիլիջանինը, մյուսը՝ «Քվանտ» վարժարանի կազմում ստեղծված անգլալեզու ծրագիրը:
Այնուամենայնիվ, ըստ Ա. Աշոտյանի, կա քաղաքական կամք, որ ռուսերենը Հայաստանում տարածվի, քանի որ ռուսերենը ռուսական զինտեխնիկայից օգտվելու համար բացառիկ միջոց է, միջազգային շփման լեզու է ԱՊՀ տարածքում, Եվրասիական միության տարածքում և բանալի է հսկայական մշակութային ժառանգության համար: «Քայլեր մենք անում ենք, որևէ նոր բաների, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն մենք չենք տեսնում»,- ասաց Ա. Աշոտյանը: Միաժամանակ, ըստ նրա, այսօր հարց է դրված, որ Ռուսաստանում՝ հայկական բնակչության շրջաններում, 7 ռուսական դպրոցներում պետք է սկսվի հայոց լեզվի պիլոտային դասավանդման ծրագիրը: