տուն Հասարակություն Լավ լուր ցմահ ազատազրկվածների համար

Լավ լուր ցմահ ազատազրկվածների համար

217
0

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ներման ինստիտուտն ավելի թափանցիկ եւ հաշվետու դարձնելուն:

Նախարարը նշել է, որ նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու եւ այն վերադարձնելու դեպքերը: Մասնավորապես, դրանք կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով սահմանված դեպքերում պատժից ազատման դեպքերը, որպեսզի ներման խնդրագրերը չշարոնակվեն քննարկվել: 

Գործող կարգավորումների համաձայն կարող է առաջանալ այնպիսի մի իրավիճակ, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր եւ պատժից ազատվել է օրենքով նախատեսված այլ հիմքերով: Այս պարագայում ներման խնդրագրի ճակատագիրը մնում է չլուծված՝ առկա իրավական բացի պատճառով:

Օրինակ՝ ներման խնդրագրի քննարկման ժամանակ, երբ դատապարտյալը համաներում հայտարարելու  հետեւանքով ազատ է արձակվել պատժի կրումից, ապա վերջինիս ներման խնդրագիրը չի քննարկվում, իսկ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքերում այն ընդհանուր կարգով քննարկվում է, սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ դատապարտյալն ազատվել է պատժի կրումից այն մերժվում է: Օրենսդրությունում առկա նման բացը գործնականում լուրջ խնդիրներ է առաջացնում, այն հակասում է հանրային ռեսուրսները խնայելու, դրանք առավել արդյունավետ ծախսելու ընթացակարգին: 

Սահմանվել են ներման խնդրագրերի հետ կապված գաղտնիության ապահովման կարգավորումներ: Կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներում ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված  հարաբերությունները: Բացառիկ հիմքերի մեջ ներառվել են խնամքին երեխայի առկայությունը, արտակարգ ռազմական իրավիճակը, դատապարտյալի կյանքին անմիջականորեն սպառնացող վտանգը:

Ցմահ ազատազրկվածների համար նախատեսվել է ներման խնդրագրով դիմելու ավելի վաղ ընթացակարգ: Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել, եթե պատիժը կրել է ոչ պակաս քան 15 տարի: