Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենք դիտարկում են Ուկրաինայի հարցով Եվրոպայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ բազմակողմ հանդիպման անցկացումը։
«Իրոք, մենք պատրաստ ենք քննարկել բազմակողմ ձևաչափը, ուր ներկայացված կլինեն եվրոպացիները, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և ուկրաինական կողմը», — ասել է նա՝ հավելելով, որ ձևաչափը, օրն ու ժամը հստակեցված չեն։ Սակայն Լավրովը հետագայում հավելել է, որ այս բանակցություններին պետք է ներկա լինի նաև Ուկրաինայի հարավն ու արևելքը։ Այս առաջարկը, անկասկած, կմերժվի բանակցությունների մյուս երեք մասնակիցների կողմից, ինչը նշանակում է, որ Լավրովը, փաստորեն, հրաժարվում է այդ բանակցություններից։
ՌԴ արտգործնախարարը նաև նադրադարձել է ԱՄՆ պետդեպի այն հայտարարությանը, որով ամերիկյան կողմը Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող զարգացումներոււմ մեղավոր է համարում Ռուսաստանին, որը լարվածություն է առաջացնում այդ շրջաններում։ «Այդ ամենը թողնում եմ ամերիկյան գործընկերների խղճին։ Պետք չէ այդ ամենը հիվանդ գլխից առողջի վրա բարդել», — ասել է նա։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։