Այսօր ՀՀ ազգային հերոս, Խորհրդային Հայաստանի նշանավոր ղեկավար Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է, լրանում է հայրենանվեր պետական գործչի 88-ամյակը:
AraratNews.am-ը զրուցել է Կարեն Դեմիրճյանի կրտսեր թոռնուհու՝ Վիկտորյա Դեմիրճյանի հետ: Նշենք, որ Խորհրդային Հայաստանի վերջին տարիների ղեկավարը ողբերգական մահվան հետևանքով չհասցրեց տեսնել կրտսեր թոռնուհուն:
Վիկտորյա, վստահ եմ, որ տիկին Ռիմա Դեմիրճյանը, Ձեր ծնողներն ու քույրերը շատ են պատմել Ձեր նշանավոր պապիկի մասին, ում Դուք չեք հասցրել տեսնել, քանի որ նրա ողբերգական մահից հետո եք ծնվել: Կասե՞ք՝ հատկապես որ դրվագն է Ձեր մեջ տպավորվել, և ինչպիսին են Ձեր պատկերացումները ՀՀ ազգային հերոս, Խորհրդային Հայաստանի նշանավոր ղեկավար Կարեն Դեմիրճյանի մասին:
Փոքրուց դեռևս շատ եմ լսել նրա մասին թե ընտանիքի անդամներից, թե ծանոթ եւ անծանոթ մարդկանցից. լսել եմ, թե որքան հոգատար էր և ուշադիր, ավելի ուշ ծանոթացա նրա գործունեությանը։ Այս ամբողջ ընթացքում տեսել եմ, թե որքան մեծ սեր է նա վայելում ժողովրդի կողմից։ Նա իմ մեջ տպավորված է որպես սկզբունքային, իր գործին և հայրենիքին անմնացորդ նվիրված և իրենից հետո մեծ հետք թողած առաջնորդ և բացառիկ անձնավորություն՝ օժտված մարդկային բարձր հատկանիշներով։ Պատահական չէ, որ նա արժանացել է ժողովրդի կողմից այդ վերաբերմունքին, նա դրան արժանացել է հենց այդ հատկանիշների շնորհիվ։
Դուք սովորում եք Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ): Կասե՞ք մասնագիտական կողմնորոշման հարցում ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվել: Կարեն Դեմիրճյանը նույնպես սովորել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում (մեխանիկական ֆակուլտետում): Այս համալսարանի շրջանավարտներից են նաև Ձեր տատիկն ու հայրիկը: Ճշգրիտ գիտությունների նկատմամբ հակումը հենց նրանցի՞ց եք ժառանգել:
Իմ ընտրած մասնագիտությունը ոչ միայն ճշգրիտ գիտություն է, այլ նաև կապ ունի արվեստի հետ։ Մեր ընտանիքում հատուկ վերաբերմունք կա դեպի արվեստը, և հիմքը գալիս է տատիկիցս ու պապիկիցս, չնայած նրան, որ իրենց մասնագիտությունը ճշգրիտ գիտության հետ է կապված։
Ընտրությունը իմն է և բխում է իմ հակումներից, և ժամանակը ցույց տվեց, որ մասնագիտության հարցում ճիշտ եմ կողմնորոշվել։
Ընթերցե՞լ եք Կարեն Դեմիրճյանի հիշատակին նվիրված «Կաթիլներ մեծ ծովից» և Ռիմա Դեմիրճյանի գրչին պատկանող «Հիշատակ» գրքերը: Եթե այո, ապա կասե՞ք, թե որ դրվագն է հատկապես Ձեզ հուզել և ևս մեկ անգամ հպարտանալու առիթ տվել, որ նշանավոր հայը Ձեր պապիկն է:
Կարդալիս ինձ շատ է տպավորել մարզահամերգային համալիրի կառուցման ընթացքին վերաբերող հատվածը։ Պապիկս այդ գործում ներդրել է ոչ միայն իր բոլոր հնարավորությունները, ունակությունները, այլ նաև հոգին։ Իմ մեջ տպավորվել է, որ ինչ էլ որ նա աներ, ձգտում էր, որ լավը լիներ, տարբերվեր և անպայման օգտագործվեր հայ ժողովրդի մտավոր պոտենցիալն ու հմտությունները, և այդ հատկանիշները առավել դրսեւորվել են մարզահամերգային համալիրի կառուցման ընթացքում։
Վիկտորյա, Ձեր սերնդակիցներն արդյոք հավուր պատշաճի ճանաչո՞ւմ են Կարեն Դեմիրճյան պետական գործչին: Նման անհատի թոռնուհի լինելը Ձեր մեջ լրացուցիչ պատասխանատվության զգացում չի՞ առաջացնում:
Ընդհանուր առմամբ բոլորն էլ ճանաչում են։ Բայց, իհարկե, գիտեն ավելի քիչ, քան ավագ սերունդը։ Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ հետաքրքրությունը մեծ է երիտասարդների շրջանում՝ ուսումնասիրելու Կ.Դ. պետական գործչի անցած ուղին։ Կարծում եմ, ծանոթանալով նրա կյանքին եւ գործունեությանը, երիտասարդ սերունդը հնարավորություն կունենա ծանոթանալու ոչ միայն այդ ժամանակաշրջանի եւ մեր անցյալի պատմությանը, այլեւ կկարողանա կյանքի դասեր քաղել մարդկային բացառիկ արժեքներով օժտված մարդուց։
Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա կարող եմ ասել, որ շատ պատվաբեր է այդպիսի պապ ունենալ, բայց նաև շատ պարտավորեցնող եւ պատասխանատու, և ես աշխատում եմ լինել նրան արժանի թոռնուհի։
Երևանում շրջելիս հատկապես ո՞ր մշակութային կոթողն է Ձեզ հիշեցնում Կարեն Դեմիրճյանի մասին:
Առաջին հերթին մտքիս գալիս են մարզահամերգային համալիրն ու մետրոն, որոնք կրում են նրա անունը, բայց, իհարկե, նա այնքան մեծ մշակութային ժառանգություն է թողել, որ դժվար է թվել դրանցից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը մեր կյանքում։ Տասնյակ տարիներ են անցել թե իր պաշտոնավարումից եւ թե իր մահից հետո, այնուամենայնիվ մարդիկ հատուկ ակնածանքով եւ հպարտությամբ են միշտ հիշում, որ ունեցել են նման ղեկավար, ում կոչել են «Կարեն Շինարար»։
Եթե, այնուամենայնիվ, հնարավորություն ունենայիք Ձեր պապիկին տեսնել, ապա նրան ի՞նչ կհարցնեիք կամ ի՞նչ կասեիք:
Ես նրան կասեի, որ իր պես պապ ունենալը երջանկություն է, և հպարտանում եմ իրենով և իր թողած ժառանգությամբ, որն ամենից թանկ է կյանքում՝ իր վաստակած բարի անունը, սերն ու հարգանքը, ինչը շատ հազվադեպ կարելի է տեսնել երկրի ղեկավարների կամ պետական, քաղաքական գործիչների դեպքում:
Որպես Կարեն Դեմիրճյանի թոռնուհի, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում պապիկի հիշատակն անմահացնելու ուղղությամբ:
Առաջին հերթին ուզում եմ դառնալ լավ մասնագետ։ Ճիշտ է, նա մասնագիտությամբ մեխանիկ-ինժեներ էր, բայց սերտորեն կապված էր ճարտարապետների ու շինարարների հետ, նրա գործունեությունը այդ բնագավառում բարձր է գնահատվել, ես կուզեի իմ մասնագիտության մեջ լինել արժանի նրան։
Զրուցեց Օլյա Շահինյանը