Այսօր շապինգարահիսարցի Անդրանիկ Օզանյանի (1865-1927) ծննդյան օրն է։
«Ես նրանցից մեկն եմ, ովքեր ապավինում են համերաշխության ու համագործակցության ուժին և հավատում են, որ մենք միայն այն ժամանակ կկարողանանք փրկել ու պաշտպանել մեր ժողովրդին, վառել մեր հանգած օջախների կրակը և չկորցնել ապագայի հույսը, երբ իրար կհասկանանք և կգործենք համերաշխ։
…Գործի ձեռնարկել, հավաքել մեր ուժերը, խտացնել անխառն սիրով, իրարու ձեռք երկարել՝ այս է իմ պատգամը»,-ասել է զորավարը:
Նա առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։
Անդրանիկի հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից՝ 18-րդ դարում: Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրից։
Համիդյան ջարդերի ընթացքում Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից: 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին նա անցել է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր Օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։
Լեգենդ դարձած նրա կյանքն ընդհատվեց հայրենիքից շատ հեռու՝ ԱՄՆ Չիքո քաղաքի մի առողջարանում։ Նույն տարվա սեպտեմբերին Զորավարի դին տեղափոխվում է Փարիզ և վերահուղարկավորվում Պեր–Լաշեզ գերեզմանոցում։
2000 թ. զորավարի մասունքները ևս մեկ անգամ ուղևորություն են կատարում, այս անգամ՝ մայր հողին արժանանալու համար։ Այժմ նա թաղված է Երևանի Եռաբլուր պանթեոնում։
Զորավար Անդրանիկի անունով կոչվել են հրապարակներ, դպրոցներ, փողոցներ, թաղամասեր, նրա արձաններն են տեղադրվել շատ բնակավայրերում, նրա կերպարը դարձել է բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների նյութ։