«2018 թվականի մայիսից Հայաստանում հայտարարվել է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար, ինչն արժանացել է ոչ միայն հայաստանյան հանրության, այլև միջազգային հանրության ուշադրությանը և հավանությանը: Այս ընթացում, սակայն, մի քանի անգամ հայտարարել եմ, որ չնայած կառուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են, բայց ես բավարարված չեմ դրա արդյունքներով: Համոզված եմ, որ դրա արդյունքներով բավարարված չէ նաև հանրությունը»:
Այսօր կառավարությունում հրավիրված խորհրդակցությունն այս խոսքերով սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման շարժառիթը կոռուպցիայի դեմ պայքարելու և երկրում դրա հետ կապված ընթացիկ վիճակը քննարկելն է:
Վարչապետը հատկանշական է համարում այն վիճակագրությունը, որ հրապարակել է Հատուկ քնչական ծառայությունը: 2019 թվականի գործունեության ընթացքում քրեական գործերով վերականգնված գումարը կազմել է չորս միլիարդ երեք հարյուր երեսունմեկ միլիոն դրամ, որը յոթ անգամ ավելի է, քան Հատուկ քննչական ծառայության նախորդ ողջ ընթացքում քննված գործերով վերականգնված գումարները միասին վերցրած: Կետ առ կետ ներկայացնելով վերականգնված գումարները՝ կառավարության ղեկավարը ընդհանրացնում է, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո վերականգնվել է շուրջ 150 միլիոն դոլարի վնաս:
Բայց վարչապետն իրավապահ մարմինների աշխատանքը դանդաղկոտ է համարում: Ժամանակը գնում է, և իրավապահ մարմինների դանդաղկոտությունը կառուպցոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշաններն ու ապացույցները թաքցնելու պատուհան են բացում: Նմանատիպ գործառույթները, ըստ Փաշինյանի, վարկաբեկում են իրավական համակարգն ու կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես:
«Նման վիճակ է ստեղծվել, քանի որ իրավական համակարգի ամենավերին ատյաններում եղել են դավաճաններ, որոնք կոռուպցիայի պայքարի դեմ առաջացած ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով»,- իրավիճակն այսպես գնահատեց Փաշինյանը:
Հայկ Մագոյան