Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին են հանձնել կուտակային կենսաթոշակային օրենքի նախագծի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկող, Սահմանադրական դատարանին ուղղված, 36 պատգամավորի ստորագրությամբ դիմում-բողոքը:
Ցանկացած քաղաքացիական, սոցիալական խնդիրների շուրջ պայքարի ընթացքում շատ կարևոր է իրավական կողմի և ընթացակարգերի պահպանում` դրանով իսկ պայքարի հետագա ընթացքի համար իրավական հիմքեր ապահովելով: Այսինքն՝ եթե քաղաքացիները սպառում են իրավական բոլոր ընթացակարգերը կամ առկա նախադեպերի հիման վրա դրանք կարող են համարել սպառված, ապա լիակատար իրավունք են ստանում դիմել պայքարի այլ եղանակների, որոնք գուցե նախատեսված չեն օրենսդրությամբ, բայց բխում են մարդու հիմնարար իրավունքներից ու ազատություններից:
Այսինքն` իրավական ընթացակարգերի սպառումը հնարավորություն է տալիս դրսևորել քաղաքացիական անհնազանդություն: Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում դա կարող է դրսևորվել պարտադիր բաղադրիչի, ինչու չէ՝ նաև այլ հարկատեսակների ու վճարների չվճարմամբ, փողոցներ փակելով և անհնազանդության այլ եղանակներով:
Մյուս կողմից՝ իրավական ճանապարհը չպետք է և ոչ իրավական պետությունում չի կարող լինել խնդիրների լուծման գլխավոր ճանապարհը: Վարչակազմի այլ ճյուղերից լիակատար կախվածության մեջ գտնվող դատական համակարգը, այդ թվում` Սահմանադրական դատարանը, չի կարող իրականացնել արդարադատություն, բացառությամբ այնպիսի «արդարադատությունից», որը այդ նույն վարչախմբի կարճաժամկետ կամ երկարաժամկետ պլանների մաս է կազմում:
Հետևաբար շեշտադրումը ոչ թե պետք է դնել դատական համակարգում հարցը վիճարկելու վրա կամ հետևել կուսակցական հատվածի թելադրած խաղի կանոններին, այլ վերջնականապես ձևավորել սեփական ինքնությունը և փորձել ընթացող պրոցեսները վերածել լայն շարժման` ստեղծելով պայքարի նորանոր գործիքներ: Միայն պաշտոնական տրամաբանությունից դուրս գործողությունների և ճնշումների միջոցով է հնարավոր հասնել հարցի լուծմանը: Վարչախմբի համար պետք է ստեղծել խնդիրներ, շատ ավելի մեծ խնդիրներ` քան վերջինիս համար կլինի պարտադիր կուտակային բաղադրիչի չգործարկումը:
Կարևոր է նաև նման գործընթացների ընթացքում ստեղծել նորը, ինչպես նաև այն, ինչի առկայությունը կարող էր նպաստել տվյալ խնդրի չառաջացմանը կամ կնպաստեր խնդրի ավելի արագ լուծմանը:
Մաշտոցի պուրակում այդպիսի գործիքներ կարելի է համարել «Քաղաքացիական դատարանի» և «ապամոնտաժող բրիգադի» ստեղծումը, «Վճարում ենք 100 դրամի» ժամանակ` FreeCar-ի մշակույթի տարածման և վարորդների արհմիության ձևավորման փորձերը: Այս դեպքում կարևոր ձեռքբերում կարող է հանդիսանալ և պայքարին նոր տեմպ հաղորդել անկախ արհմիությունների ձևավորումը, որը կնպաստի ոչ միայն այս օրինագծի դեմ պայքարին, այլ նաև կարող է նպաստել ապագայում նման խնդիրների առաջացման բացառմանը:
Սևակ Մամյան