Մի խումբ իրավաբաններ ստեղծել են «Ոչ»-ի շտաբ ընդդեմ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի, որով պարզ կդառնա՝ Սահմանադրական դատարանի կազմը կփոխվի՞, թե՞ ոչ:
Araratnews.am-ին այսօր հայտնի դարձավ, որ փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանն ու Դավիթ Սարգսյանը նախաձեռնել են գործընթաց՝ իրաբաններն ասում են «այո» հանրաքվեին:
Մեզ հետ զրույցում Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ շուտով կներկայացնեն կողմ արտահայտվող իրավաբանների ցանկը: «Իմ կոլեգաներին, որոնց ես հարգում եմ, որոնք հանրաքվեին ասում են ոչ, մի քիչ սոփեստություն է պարունակում: Քանի որ հարցը դարձել է իրավաբանական, իրավաբանների խոսքն է ավելի հեղինակավոր, քան մնացածներինը, ժողովուրդն էլ չմոլորվի, երբ լսի՝ իրավանաբաններն ինչ-որ բան ասում են եւ այն էլ՝ ոչ: Մի քանի տասնյակ կոլեգաներին հակադարձում ենք՝ այո»,- մանրամասնեց պարոն Սիրունյանը:
Մեր դիտարկմանը, թե դեմ արտահայտվող իրավաբանները հանրաքվեի դրվող տեքստի սահմանադրականությունն են վիճարկում, արդյոք դա ճիշտ է, արդյոք հանրաքվեին կողմ արտահայտվող իրավաբանները հանրությանը հասկանալի կբացատրեն հակառակը, Ալեքսանդր Սիրունյանն ասաց. «Ես կասեմ այն, ինչ ոչ ոք չի ասում: Մեր ընդդիմախոսների մեծ մասն ասում է՝ ստորակետն այստեղ է, բութն այնտեղ է, կարգը չեն պահպանել: Իսկ հարցը հետեւյալն է՝ ժողովուրդը պե՞տք է արտահայտվի: Եթե Սահմանադրությունը սկսում ենք նրանով, որ ամեն ինչ որոշում է ժողովուրդը, ուրեմն ուշ է ստորակետով պայմանավորել ամեն ինչ»:
Փաստաբանը հիշեցրեց՝ ամեն ինչ արվում է քաղաքակիրթ, ժողովրդավական ձեւով, ոչ թե պրովոկացիայով:
Հիշեցրինք՝ «Իմ քայլի» պատգամավորներից մեկը «անգրագետ Պողոս» արտահայտություն էր օգտագործել, երբ Ամուլսարի հանքի հարցն առաջարկում էին հանրաքվեի դնել, հետևաբար՝ հանրության մեծ մասը չունի իրավական գիտելիք: Ի պատասխան՝ փաստաբանը հռետորական հարցով պատասխանեց. «Մոտավորապես 150 իրավաբան որոշի, թե ժողովուրդը ոնց պետք է արտահայտվի՞: Պատմությունը ցույց է տվել, որ մեր հանրությունը լավ էլ գրագետ է: Կարող է՝ չհասկանա, թե ինչ է գլխադասային հանձնաժողովը, բայց գիտի՝ իր ճակատագիրն ով պետք է որոշի, իրեն ով պետք է դատի: Ժողովուրդը պետք է որոշի՝ ինչպիսին պետք է լինի դատարանը»:
Սոնա Դավթյան