Իրանը կորոնավիրուսի պատճառով երկրի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը հետաձգել է մինչև սեպտեմբեր: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի սահմանադրության պահպանման խորհրդի ներկայացուցիչ Աբբաս Ալի Կադխոդաիին:
«Հաշվի առնելով իրավիճակը երկրում, հարգելի ներքին գործերի նախարարը առաջարկել է փոխել երկրորդ փուլի անցկացման ամսաթիվը ապրիլի 17-ից 2020թ. սեպտեմբեր: Երկու առաջարկված ամսաթվերից` սեպտեմբերի 11 կամ 18, Սահմանադրության պահպանման խորհուրդը իր համաձայնությունը տվել է երկրորդ փուլը անցկացնել սեպտեմբերի 11-ին»,-հայտարարել է Կադխոդաին:
Իրանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 21-ին, ինչպես սպասվում էր, պատգամավորական մանդատների մեծամասնությունը ստացել են պահպանողականները (290 մանդատներից ավելի քան 200-ը): Պատգամավորական տեղերի ավելի հստակ բաշխումը տեղի կունենա երկրորդ փուլից հետո:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: