Իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը բոլոր ընկերությունների համար գործելու է՝ անկախ նրանից, թե որ ոլորտում են աշխատում՝ հանքարդյունաբերության, մեդիադաշտի, թե այլ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Մասնավորապես, միայն ինքնահայտարարագրման գործիքը չի կարող բավական լինել, միջազգային պրակտիկայում տարբեր է հավաքվող ինֆորմացիան, և տարբեր է հասանելիության աստիճանը: Այսինքն՝ հարկային մարմինները դերակատարություն ունեն այդ հարցում: Հարց է առաջնում՝ այդ ինֆորմացիայից ի՞նչն է օգտագործվում և ո՞ւմ է հասանելի՝ միայն իրավապահ մարմինների՞ն, թե ամբողջ հասարակությանը»,- ասաց նա:
Կոնկրետ հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման հարցում, նախարարը նշեց, որ արդեն զարգացում կա: Լայնորեն քննարկվել է թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում՝ իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմները։