Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը նախընտրել է կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու համար 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմն անցկացնել տվյալ երկրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Իտալիայում ՀՀ դեսպանության հետ կապ հաստատել շուրջ 150 քաղաքացի, բայց մարտի 15-ի հատուկ չվերթով ՀՀ վերադարձել 63-ը։
«Երբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեղեկացրել են, որ նրանք ՀՀ-ում պետք է անցնեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ Հայաստան: Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ 3-րդ երկրներով, բայց նրանք ևս Հայաստանում հայտնվելիս ենթարկվել են պարտադիր կարանտինային ռեժիմի, քանի որ դա վերաբերում է ելից երկրին, ոչ թե տարանցիկ երկրներին»,- նշեց Նաղդալյանը։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: