տուն Հասարակություն Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի

Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի

153
0

Մարտի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

Փոխվարչապետն ասել է.
«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,
Հերթական անգամ հավաքվել ենք կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի մեր նիստին, ու բոլորդ գիտեք, որ ունենք ևս մի քանի դեպք՝ արձանագրված երեկ: Նաև վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է: Նրանք նույնպես կարանտինային պայմաններում կպահվեն մոտակա 14 օրերը:

Մենք ունենք ևս մեկ թռիչք կիրակի օրը, որը կազմակերպում է ՀՀ կառավարությունը՝ «Արմենիա միջազգային օդանավակայանների» ու հայկական ավիափոխադրողներից մեկի հետ: Կարծում եմ նաև կքննարկենք այն հարցը, թե ինչ միջոցառումների կարիք կլինի այն անձանց դեպքում, որոնք այդ թռիչքով վերադառնում են Հայաստան, ու կկայացնենք որոշումներ:

Կարծում եմ նաև՝ պետք է անդրադառնանք որոշակի պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը կամ ավելի կոնկրետ հասկանանք, թե ինչպես կարող ենք ապահովել տնային մեկուսացման մեջ գտնվող անձանց փաստացի մեկուսացման արդյունավետությունը: Նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս բոլոր երկիր մուտք գործողներին մեկուսացնել ու կարանտինային գոտում պահել, և դա ֆիզիկապես անհնար է: Բայց տնային մեկուսացման մեջ գտնվողների վերահսկողությունն իրականացնելու համար կարծում եմ՝ այդ քննարկումն այսօր այստեղ պետք է տեղի ունենա, ու կրկին պետք է որոշումներ կայացնենք այդ առումով»:

Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով արտաքին ու ներքին միջոցառումներին վերաբերող հարցեր, վարակի տնտեսական ազդեցությունները, ինչպես նաև իրավիճակի հավանական զարգացումների սցենարները:

Որոշվել է, որ կիրակի՝ մարտի 15-ին, Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է Արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:

Փոխվարչապետի կողմից հանձնարարվել է բոլոր պետական գերատեսչություններում առավել խստացնել կանխարգելիչ բժշկական միջոցառումները: