Իտալացի հանրաճանաչ երգիչ Ալ Բանոն նամակով դիմել է Հռոմում գտնվող Ադրբեջանի դեսպանատուն՝ իրեն ադրբեջանական սեւ ցուցակից հանելու համար,- հաղորդում է Ինտերֆաքսը։
Երգիչը այդ ցուցակում է հայտնվել այն բանից հետո, երբ այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլաեւի խոսքերով՝ նամակ-դիմումում իտալացին խիստ ցավում է, որ իր անունը հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ սեւ ցուցակում։ Ալ Բանոն նշել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ հայ-ադրբեջանական հակամարտության մասին, եւ իր այցելությունը օկուպացված տարածքներ քաղաքական ենթատեքստ չի ունեցել։
Ըստ Աբդուլաեւի, պաշտոնական Բաքուն, ճիշտ է, շատ ցավագին է ընդունում ցանկացած այցելություն Ղարաբաղ, անկախ անձից, բայց իտալացու խնդրանքը կքննարկի։
Հիշեցնենք, որ ամռանը Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել էր արտասահմանցի այն քաղաքացիների ցուցակը, որոնք իրավունք չունեն մտնելու Ադրբեջանի տարածք՝ Ղարաբաղ այցելության պատճառով։ Սեպտեմբեր ամսին այդ ցուցակից հանվել են չորս հոգու անուններ՝ ռուս քաղաքագետ Ալեքսեյ Միտրոֆանովի եւ ԱՄՆ երեք քաղաքացիների։ Այժմ ցուցակում կա 327 անուն։
Ըստ երեւույթին, Ալ Բանոն այդ քայլին է դիմել, քանի որ պատրաստվում է մասնակցել դեկտեմբերի 18-ին Բաքվում կայանալիք Սան Ռեմո երգի փառատոնին նվիրված հսկայածավալ համերգին։