Մերձավորարևելյան հակամարտությունում խաղաղություն հաստատելու նպատակով Իսրայելի և Պաղեստինի պատվիրակությունների միջև Երուսաղեմում կայացած հանդիպումը, որն այս շաբաթ թվով երրորդն էր, կրկին անարդյունավետ է անցել։ Այս մասին հայտնում է «Հաարեցը»։
Հանդիպումը տևել է մի քանի ժամ, բայց կողմերին այդպես էլ չի հաջողվել ճգնաժամից դուրս գալու ելք գտնել։
Սակայն նշվում է, որ Իսրայելը և Պաղեստինը շարունակում են բանակցությունները։ Բանակցող կողմերը պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ հանդիպում անցկացնել, սակայն բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները դեռ չեն սահմանվել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն փորձում է մերձավորարևելյան հակամարտությունում հասնել խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմանը։