տուն Աշխարհ Իսպանիայում գրանցված Covid-19-ի դեպքերի ներկայացվող թվերը հավաստի չե՞ն. El País

Իսպանիայում գրանցված Covid-19-ի դեպքերի ներկայացվող թվերը հավաստի չե՞ն. El País

314
0
Իսպանիա

Զեկուցման մեթոդների տարբերությունը, թեստերի պակասը ցույց են տալիս, որ մահվան, վարակների և հիվանդանոցների ընդունման վերաբերյալ ամենօրյա տվյալները չեն արտացոլում վիրուսի բռնկման ընդհանուր մասշտաբը: Այս վերտառությամբ է իսպանական El País-ը սկսել իր հոդվածը:

Ամեն օր ժամը 11։30-ին Իսպանիայի առողջապահության նախարարությունը թարմացնում է Իսպանիայում կորոնավիրուսի բռնկման տվյալների զարգացումը: Բայց մահվան դեպքերի և հոսպիտալացումների վերջին ցուցանիշների վերաբերյալ նրա զեկույցը հեռու է ճգնաժամի ամբողջական պատկերից: Զեկուցվող դեպքերի տվյալները չեն արտացոլում երկրում վարակակիրների իրական քանակը, ոչ էլ կորոնավիրուսից բոլոր մահացությունները: Անգամ պարզ չէ, թե քանի հոգի են ենթարկվում ինտենսիվ թերապիայի:

Դեպքերը

Թերևս, հաղորդված դեպքերի քանակը շատ հեռու է իրականությունից: Եթե նույնիսկ ճշգրիտ լիներ, ապա դա, ըստ էության, հնարավոր է, որ հնացած լիներ. վարակը կարող է մեկ շաբաթ բնակվել մարդու օրգանիզմում և հետո միայն ախտանիշներ առաջացնել: Դեռ ավելին, Իսպանիայում թեստ են հանձնում միայն լուրջ ախտանիշներ ունեցող պացիենտները: Այդ իսկ պատճառով փորձագետները կարծում են, որ հաստատված դեպքերի քանակը կարող է լինել 10 անգամ ավելին, քան հաղորդվել է:

«Imperial College London»-ի հետազոտության համաձայն, Իսպանիայում մինչև յոթ միլիոն մարդ կարող է Covid-19-ով վարակված լինել՝ չնայած տեղի փորձագետները կարծում են, որ այդ թվերը չափազանցված են:

Ինտենսիվ թերապիա ընդունողները

Իսպանիայի յուրաքանչյուր շրջան ունի ինտենսիվ թերապիայով ընդունված պացիենտների քանակը հաշվելու իր տարբերակը:

Ոմանք հրապարակում են կորոնավիրուսի բռնկման սկզբից ի վեր ընդունված պացիենտների թիվը, իսկ մյուսները տալիս են ամենօրյա պատկերացում այն մասին, թե տվյալ պահին քանի հոգի է գտնվում վերակենդանացման բաժանմունքում:

Մահեր

Չնայած նրան, որ կորոնավիրուսային մահերի թիվը պետք է լինի առավել ճշգրիտ, այդ ցուցանիշը չի արտացոլում հիվանդության հետևանքով առաջացած բոլոր մահացությունները: Նրանք, ովքեր մահացել են իրենց տներում կամ բնակարաններում, առանց Covid-19-ի թեստ հանձնելու, չեն ներառվում կորոնավիրուսի զոհերի պաշտոնական թվի մեջ: Իրոք, դեռևս պաշտոնական տվյալներ չկան այն մասին, թե քանի տարեց է մահացել խնամքի տներում, մի թիվ, որը կարող է հազարավոր լինել:

Կառլոս III-ի համալսարանի Առողջապահության ինստիտուտի հրապարակած զեկույցում նաև հայտնաբերվել է կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում ընդհանուր մահացության աճ: Դա կարող է լինել տարբեր պատճառներով. ճնշված առողջապահական համակարգ, որը այլ հիվանդներին օգնելու համար չունի ռեսուրսներ, կամ հիվանդ մարդիկ, ովքեր որոշում են հիվանդանոց չգնալ և մահանում են:

Թեստեր

Իսպանիայի կառավարությունը պնդում է, որ երկրում օրական 15 000-20 000 թեստ է հանձնվում: Բայց պարզ չէ, թե երբ է այդ գործընթացը սկսվել կամ, ընդհանուր առմամբ, քանի հոգի է թեստ հանձնել: Իսպանիայում չի հաղորդվում նաև, թե քանի մարդ է Covid-19-ի թեստերի արդյունքում դրական կամ բացասական պատասխան ունեցել, ինչպես դա արվում է ուրիշ երկրներում: Մարտի 22-ին Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ 350 000 թեստ է անցկացվել: Նույն շաբաթ առողջապահության նախարար Սալվադոր Իլլան կրկնել է նույն տվյալները. «Մենք արել ենք առնվազն 350 000 թեստ»:

Հաջորդ շաբաթվա ընթացքում առողջապահության նախարարությունը չի հրապարակել, թե քանի թեստ են հանձնել: Այսինքն՝ հասարակությունը գաղափար չունի, թե Իսպանիայում քանի թեստ է արվել:

Բուժաշխատողները

Անհայտ է նաև այն բուժաշխատողների թիվը, ովքեր մեկուսացման մեջ են գտնվում՝ կորոնավիրուսով հիվանդների հետ հաղորդակցվելու հետևանքով: Ամեն անգամ առողջապահության նախարարությունը հայտնում է, թե որքան բուժաշխատողներ են թեստից հետո դրական արդյունք ունեցել՝ համավարակի բռնկման սկզբից ի վեր: Երեքշաբթի նրանց թիվը մոտ 12 300 էր: Բայց այն բուժաշխատողների թիվը, ովքեր սպասում են թեստ հանձնելուն կամ թեստերի արդյունքներին, երբեք չի հաղորդվել: Եվ ոչ էլ այն թիվը, թե առողջանալուց հետո քանիսն են վերադարձել աշխատանքի:

Թարգմանեց՝ Օլյա Շահինյանը