«Ես առաջարկում եմ միասին հետևել հին ճշմարտությանը` որոնել արմատները: Արմատները հետևյալն են`վաղուց մեզ հասարակական-քաղաքական քննարկումների դաշտում, այդ թվում որոշ ԶԼՄ-ների պատճառով բառամթերքի կտրուկ անկում կա և չի կարելի մեղադրել մարդուն , որին հետևողականորեն սադրում են` միջոցառումը տապալելով և այդ տիպի վանկարկումներ հնչեցնելով: Օրինակ` դուք ծախել եք վանքը: Դա վիրավորա՞նք է, թե՞ չէ: «Դուք կաշառք եք վերցրել» արտահայտությունը վիրավորա՞նք է, թե՞ չէ»,-անդրադառնալով երեկ բնապահպանների նկատմամբ Բնապահպանության նախարարի վիրավորական արտահայտությանը ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Լրագրողները փորձեցին հիշեցնել նախարարին, որ խոսքը նախարարի մասնագիտական գործունեության մասին է եղել, ինչին ի պատասխան Արմեն Աշոտյանն ասաց. «Ի՞նչ է, մասնագիտական գործունեությունն է, որ դիմացինին ասում է «Դուք կաշառակեր եք»: Մենք տարբեր մասնագիտական դիրքորոշում ունենք մասնագիտական լրագրողական գործունեության մասին, եթե կան նման տեսակի ահազանգեր, խնդրեմ, հրապարակեք և դիմեք պատկան մարմիններին, եթե չկան, ապա բարի եղեք պահել պակեշտությունը: Ես վաղուց եմ ասել` մի ցանեք քամի, ոչ ոք քամի չպետք է ցանի, դրա պատասխանը փոթորիկ է»: Արմեն Աշոտյանը չի կարծում, որ իր խոսքով պաշտպանել է բնապահպանության նախարարին: ԿԳ նախարարը նաև համոզված է, որ հասարակությունը և իշխանությունը իրար արժանի են և խնդիրը նրանում է, որ մարդիկ չեն հասկանում դա.«Դուք արդարացրեցի՞ք քաղաքացիական ակտիվիստներին, որոնք նման տեսակի վանկարկումներով վարկաբեկում են կառավարության անդամներին: Դուք արդարացնո՞ւմ եք այդ լրագրողներին, որոնք գրում են ամենավերջին վիրավորանքները որոշ կայքերում: Դուք արդարացնու՞մ եք այն ակտիվիստներին, որոնք սադրում են, նպատակային սադրիչ գործողություններ են կատարում, վիրավորում են մարդկանց հրապարակավ։ Արդարացնո՞ւմ եք, թե՞ չէ: Մենք իրար արժանի ենք, պրոբլեմը դրա մեջ է, որ մենք դա գիտակցում ենք, իսկ դուք դա չեք ուզում գիտակցել: Չկա ավելի լավ իշխանություն Հայաստանում»,- ասաց Արմեն Աշոտյանը: