Ինչպես գիտենք, երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀԱԿ չորս երիտասարդների` Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Տիգրան Առաքելյանի գործով դատական վճիռը, որի համաձայն, դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակվեց Տիգրան Առաքելյանը, մինչդեռ վերաքննիչ քրեական դատարանի հրապարակած վճիռը չի գոհացրել ոլորտի մասնագետներին:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում դատարանի կայացրած վճիռը որակել է բացասական, քանի որ, նրա համոզմամբ, Տիգրան Առաքելյանը պետք է ազատ արձակվեր ոչ թե համաներմամբ, այլ դատավճռով պետք է արդարանար:«Գաղտնիք չէ, որ Տիգրանի և ընկերների նկատմամբ գործը սարքված էր և շինծու, և բոլոր դատական պրոցեսները դա ապացուցեցին, դրա համար էլ դատարանը կայացրեց մեղադրական դատավճիռ, ինչը դատապարտելի է, քանի որ մեր իշխանությունները միշտ ազդում են դատարանների վրա, բնականաբար կայացրեցին իրենց համար ցանկալի դատավճիռ»,- նշել է իրավապաշտպանը:
Մեր թղթակցի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ էր ձեռնտու իշխանություններին նման որոշում կայացնելը, Վարդան Հարությունյանը պատասխանել է. «Իշխանությունները փորձեցին ազատվել և ատամից, և ատամնացավից` չհասկանալով, որ հետագայում, եթե Տիգրան Առաքելյանը բողոքի, նրանք ստիպված են լինելու կանգնել փաստի առաջ, իսկ ես կարծում եմ, որ Տիգրան Առաքելյանը պետք է հասնի մինչև Եվրադատարան և ստանա արդարացման դատավճիռ»,- Araratnewss.am-ի հետ զրույցն եզրափակել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Էմմա Պալյան