Ինչպես գիտենք, երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բավականին լարված մթնոլորտում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը 3 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց: Araratnews.am-ի թղթակիցն այս թեմայի շուրջ զրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: Վերջինիս կարծիքով այդ գործընթացը վերջին շրջանում բավականին անլուրջ երանգավորում է ստացել. «Հարցն այդ ձևով բարձրացնողն էլ, մերժողն էլ վերջին տարիների ընթացքում ջանք չխնայեցին Արցախի անկախության ճանաչման գործընթացն անլրջացնելու համար, և կողմերի գործողությունների այսօրինակ ներդաշնակեցումը մտորելու տեղիք է տալիս»,-նշել է Արման Մելիքյանը: Վերջինիս կարծիքով, այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ արմատապես չի փոխվել Հայաստանի պետական կառավարման համակարգի որակական բնութագիրը: Մեր թղթակցի այն հարցին, թե այդ դեպքում ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն խնդիրը լուծելու համար՝ ԼՂՀ նախկին արտգործնախարարը պատասխանել է.«Մեր արտաքին քաղաքականություն կոչվածը բացառապես քարոզչական բնույթ ունի այս հարցում: Դեռ տարիներ առաջ ենք գործողությունների ծրագիր մշակել, որը հնարավորություն կընձեռներ մեզ հետևողական միակողմանի քաղաքական քայլերի միջոցով, հարցի հետ կապված, մեզ համար նոր և շահավետ իրավիճակ ձևավորել: Այդ ծրագրի վերաբերյալ որոշ մանրամասներ հրապարակվել են նախկինում, սակայն իշխանությունները նախընտրում են քաղաքականությունը վերածել քարոզչության: Այս ամենը շատ տխուր վերջաբան կարող է ունենալ մեզ համար»:
Էմմա Պալյան