Այս երկրի հասարակության շահերը ոտնահարող, հասարակության շահերի վրա թքած ունեցող բոլոր օրենքները միշտ քվեարկվում և միշտ օրենքի ուժ են ստանում բացառապես հանրապետական կուսակցության շնորհիվ:
Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Դ!եմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանըˋ անդրադառնալով շաբաթ օրը Ազգային Ժողովում 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված կուտակային կենսաթոշակների մասին նոր օրինագծին:
«Եղավ այն, ինչ սովորաբար լինում է: Իրենք բերեցին մտցրեցին, իրենք քվեարկեցին, իրենք էլ ընդունեցին: Հասարակությունից կտրված ուժի համար ես կարծում եմ դա շատ նորմալ է: Հասարակությունը այդքան այդ օրինագծի դեմ պայքարեց, Սահմանադրական դատարանը իր գնահատկանը տվեց, ըստ էության ոչինչ չի էլ փոխվել, անուններն են ընդամենը փոխել, էությունը նույնն է մնացել: Կամ մարդկանց են հիմարի տեղ դնում կամ իրենք այդքան լավ չեն հասկանում»,-ասաց Մանուկյանը:
Նա կարծում է, որ հասարակությունը պետք է միահամուռ շարունակի պայքարել, ինչպես որ մինչև հիմա պայքարել է:
«Իշխանություններին մի խորհուրդ կտամ, որ այս տիպի քայլերով իրենք վտանգում են իրենց իշխանություն լինել- չլինելու հարցը: Եվ այսպես շարունակելովˋ ուղղակի կհասնեն նրան, որ երևի թե իշխանության գլուխ էլ չեն լինի: Չպետք է մտածեն, որ իրենք ամենազոր են: Ազգային Ժողովում նկարվելու ու ծիծաղելի բառեր ասելու փոխարեն պետք է իսկապես աշխատել ի շահ ժողովրդի ու քաղաքացիների, ինչը իրենք չեն անում»,-հավելեց Դավիթ Մանուկյանը: