Իշխանությունը հասարակությանը ընկալում է որպես հակառակորդ եւ բացահայտ պատերազմի մեջ է նրա հետ: Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանըˋ անդրադառնալով երեկ խորհրադարանի առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիայինˋ ընդդեմ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված 3 գազային համաձայնագրերի հաստատման:
«Մենք ունենք իշխանություն, որը հասարակության կողմից չի ընկալվումˋ որպես օրինական իշխանություն: Մեծամասնության կարծիքով ոչ լեգալ իշխանությունը յուրացրել է պետականությունը, պետական ինստիտուտը: Կարևոր հանգամանքն այն է, որ նման իշխանությունները արդեն իսկ ձեւավորել են այլ բնույթի գործելաոճ, որը մենք հերթական անգամ տեսանք երեկ խորհրդարանում: Դա գալիս է իշխանության բնույթից»,- ասում է Սարգսյանը:
Araratnews.am-ի այն հարցին, թե իսկապես իշխանությունը չի ընկալում քաղաքացիների եւ ընդդիմադիր պատգամավորների կողմից բարձրացրած հարցերն ու վտանգները՝ կապված գազային պայմանագրերի հետ, Մանվել Սարգսյանը պատասխանեց.
«Դժվար չէ ասել, թե իշխանական համակարգում ինչքան են այն մարդիկ, ովքեր չեն տեսնում այդ խնդիրները եւ, մյուս կողմից, ինչքան են արհամարհում այդ վտանգները: Ես կարծում եմ երկուսն էլ կա: Մինչեւ վերջ չի գիտակցվում, թե ինչ պայմանգրեր են ընդունում եւ մյուս կողմիցˋ անգամ գիտակցելով, փաստորեն ելնելով էլի իշխանական շահերից, գնում են այդ քայլերին»: