Աստանայում Եվրասիական Տնտեսական Միության առաջին հավաքի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտնի հայտարարությունն, ինչպես գիտենք, մնաց անպատասխան: Գալով Հայաստան, ՍերԺ Սարգսյանը կազմակերպեց հանդիպում ՀՀԿ երիտասարդների հետ՝ փորձելով հանդիպման ընթացքում հնչեցնել պատասխաններ, որոնք կբավարարեն հասարակությանը: Իհարկե, ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած անձին հետաքրքիր չէ, թե ՀՀԿ-ի անդամ երիտասարդներն ինչ կարծիք կունենան: Իրեն հետաքրքրում էր այդ գործընթացի լուսաբանումն ու հասարակությանը ներկայացնելը: Ու հանկարծ Սարգսյանը հանդիպման ընթացքում հնչեցրեց մի տարօրինակ ու աբսուրդ միտք.
«Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն»:
1991թ. ապօրինաբար Արցախը Հայաստանից բաժանելով, ստեղծելով «անկախ» պետություն, ժամանակի իշխանությունները փորձեցին հիմարեցնել միջազգային հանրությանը: Սակայն արդյունքը ստացվեց հայաստանցի-ղարաբաղցի բաժանմանն ու նման իրավիճակներին:
Ի վերջո, բնական է, որ այլ պետության ղեկավարի առաջ աշակերտի պես խելոք հոխորտանքներ ուտող ղեկավարը գալով իր երկիր՝ պիտի կրկին հարձակվի ժողովրդի վրա, ու իր սխալն էլ գոռգոռալով ու ջղայն տոնով ներկայացնի հասարակությանը: Մի հարցնող լինի, էդքան ջղային կերպար էիր, պարոն Սարգսյան, Նազարբաևի հետ ինչի՞ էդպես չխոսեցիր: Թե Նազարբաևին չէիր կարող սափրագլուխներիդ միջոցով շքամուտքում ծեծել տալ, կամ էլ օլիգարխներիցդ մեկին «զադանյա» տայիրˋ որքան որ պետք լինի՝ վճարել լռության համար:
Ավելի աբսուրդ էին երկրի երկրորդ ու երրորդ դեմքերի արձագանքները:
Նորանշանակ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս թեմայով ասել է.
«Հայաստանը կա՛մ կմտնի Մաքսային միություն՝ Ղարաբաղի տարածքով, կա՛մ առհասարակ չի մտնի»:
Աժ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանն էլ նույն թեմայի մասին խոսելով ասել է.
« ՄՄ-ն սահմանային խնդիր չի լուծում, առանց Ղարաբաղի Հայաստանը որեւէ քաղաքական կամ տնտեսական համաձայնության չի գնա»:
Ստացվում է այն, ինչ միշտ է ստացվումˋ աջ ձեռքը ձախից անտեղյակ է:
Արմեն Մկրտչյան