«Հայաստանում մթնոլորտը գաղջ է, մենք շնչում ենք թույն, արտաշնչում չարություն, արտագաղթ, ինքնասպանություն ու անտարբերություն»,- այսօր խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը: Նա նշել է, որ ամեն ինչի մեղավորը մենք ենք, մենք մեր ձեռքով հաստաբուն գերանները մեր աչքն ենք մտցրել, պատճառը փորձում ենք փնտրել արևմուտքներում ու ռուսաստաններում:
Ռուբիկ Հակոբյանն ասել է, որ իշխանության խոհանոցում արդեն երկունքի ցավեր են իրավահաջորդ նախագահ ծնելու համար, և գաղջ մթնոլորտը կշարունակվի:
Ըստ պատգամավորի՝ Սերժ Սարգսյանն այսօր ծայրագույն վիճակում է, ուժերի համադրում է պետք, պետք է ոչ իշխանական ուժերի առաջնորդներին Սերժ Սարգսյանը իր մոտ հրավիրի և պատրաստ լինի փոփոխություններ կատարելու համար կառուցողական առաջարկություններ լսելու:
Նա նաև կոչ է արել ընդդիմության առաջնորդներին, այդ թվում նշելով Րաֆֆի Հովհաննիսյանի, Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի անունները՝ ընդգծելով, որ այս անձինք պետք է, առանց իշխանության հետ խաղեր տալու, ժողովրդին ասեն, թե ինչպես են լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները:
Էմմա Պալյան