Երեկ 1978 թ. ծնված Խ. Հ.-ն սպառնում էր ինքնասպանություն կատարել՝ նետվելով Դավթաշենի կամրջից: Դեպքի վայր ժամանած ոստիկանները, սակայն, կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: Նրանցից Գեղամ Խաչատրյանը, փրկելով քաղաքացուն, ձեռքի կոտվածք է ստացել:
Մինչև փրկելը, սակայն, նա հեռախոսազրույց է ունեցել ինքնասպանության փորձ կատարող քաղաքացու հետ:
«Մարդուն, ով ցանկանում է ինքնասպանություն գործել, 8 վայրկյան է պահանջվում: Երեկ քաղաքացին նաև երակներն էր վնասել և մի քիչ երկարաձգելու դեպքում հնարավոր է, ուշագնաց լիներ ու ընկներ, քանի որ շատ արյուն էր կորցրել»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանը:
Նրա խոսքով՝ սա երկրորդ դեպքն է, երբ նույն կամրջի վրա ինքը կյանք է փրկել:
«Քաղաքացին ֆինանսական խնդիրներ ուներ, սակայն ինքնասպանությունը դեռևս հարցի լուծում չէ: Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիների հետ բանակցություններ սովորաբար վարում է 4-րդ հատուկ գումարտակը: Մինչև իմ մոտենալը հոգեբանն էր մոտեցել ու զրուցում նրա հետ: Մինչ նա զրուցում էր քաղաքացու հետ, ես հետևի կողմից մոտեցա ու բռնեցի նրան: Ինձ հետ հեռախոսազրույցի ընթացքում նա ասել էր, որ ցանկանում է Գագիկ Ծառուկյանին հանդիպել: Ես խոստացա, որ կմիջնորդեմ, որպեսզի հանդիպումը կայանա: Վերջում արդեն, երբ փրկվել էր, նա շնորհակալություն հայտնեց մեզ»,- ասաց Գեղամ Խաչատրյանը: