Վերջին տարիներին քաղաքական գործիչների, քաղաքագետների, վերլուծաբանների, միջազգային տարատեսակ կազմակերպությունների, ընդդիմադիր և նույնիսկ իշխանական ուժերի կողմից հաճախ ենք լսում քաղաքացիական հասարակություն, քաղաքացիական հանրություն, քաղաքացիական հասարակության ձևավորում, կայացում արտահայտությունները: Շատերը փորձում են տալ հստակ գնահատականներ, թե արդյոք ներկայիս Հայաստանում կա քաղաքացիական հասարակություն:
Եթե դիտարկենք հանրությունը որպես մի ամբողջություն, իսկ քաղաքացիական հասարակությունը որպես նրա բաղկացուցիչ մաս, ապա կարելի է ասել, որ բոլոր երկրներում կա քաղաքացիական հասարակություն: Անգամ ավտորիտար հասարակություններում այն գոյություն ունի: Ցանկացած երեք քաղաքացի, եթե ձևակերպում են իրենց խնդիրներն ու շահերը, բարձրաձայնում և գործում են՝ դրանք առաջ տանելու համար, կազմում են քաղաքացիական հասարակության մաս:
Այլ հարց է, թե հանրության ո՞ր մասն ունի քաղաքացիական գիտակցություն, ո՞ր մասն է ձևակերպում և առաջ բերում իր շահերը, բարձրաձայնում խնդիրները և փորձում լուծումներ գտնել դրանց համար:
Այն, որ վերջին տարիներին հանրության մեջ աճում է քաղաքացիական գիտակցությունը, տեղի է ունենում բազմաշերտ ինքնակազմակերպում՝ անժխտելի է: Իհարկե, ձևավորված և գործող քաղաքացիական խմբեր կային դեռ 2006-2007 թվականներին, սակայն որպես քաղաքականության վրա ազդող գործոն քաղաքացիական շերտը անմիջականորեն քաղաքացիական գործընթացներում իր ազդեցությունը սկսեց ունենալ 2012 թվականից:
Առաջին ակնառու օրինակը Թռչկանի ջրվեժի համար մղված պայքարն էր, որին հաջորդեց արդեն հանրային լայն հնչեղություն ստացած Մաշտոցի պուրակի պայքարը: Մաշտոցի պուրակում լայնորեն կիրառվեց մինչ այդ ձեռք բերված փորձը և փոխանցվեց պայքարին միացած մյուս քաղաքացիներին:
Քաղաքացիական հանրության գործունեության հաջորդ մակարդակը կարելի է համարել այս տարի տեղի ունեցած «Վճարում ենք 100 դրամ» շարժումը, որը կարողացավ ստեղծել այնպիսի օրակարգ և հանրային մոբիլիզացիա, որի մեջ ներգրավվեցին մշակութային, սոցիալական և քաղաքական լիովին տարբեր շերտեր: Այս շարժումը կարելի է համարել նախկինում կուտակված փորձի լավագույնս արտահայտումն ու կիրառումը:
Հենց առաջին ակցիայի ժամանակ քաղաքացիները հայտարարեցին, որ չեն եկել քաղաքապետարանից որևէ բան խնդրելու, բանակցելու և նույնիսկ պահանջելու: Եկել են ընդամենը նախազգուշացնելու, որ պարտադրելու են հետ կանչել թանկացման վերաբերյալ որոշումը:
Հաջորդ քայլը արդեն ակտիվ ինքնակազմակերպումն էր: Վերջնական արդյունքը` սակագնի 100 դրամ մնալը: Իհարկե այս ընթացքում ևս թույլ տրվեցին բազմաթիվ սխալներ, սակայն կուտակված փորձը հանդիսացավ հաջողության հիմնական գրավականը:
Քաղաքացիական հասարակության զարգացման կարևոր նախապայման է հենց նախկինում կուտակված փորձի յուրացումն ու զարգացումը: Դեռևս տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարի ժամանակ հստակ էր, որ այս վարչախմբի հետ որևէ կառուցողական մոտեցում հնարավոր չէ բանեցնել: Հստակ էր, որ դա անարդյունավետ է և զուտ ժամանակի կորուստ:
Պատահական չէ, որ« Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնությունը բոլոր բանակցային ճանապարհները փորձելուց հետո այսօր ևս գալիս է նման եզրահանգման: Այստեղ բացասական կողմը միայն այն է, որ ծախսվեց ավելորդ ռեսուրս և ժամանակ, որը կարող էր օգտագործվել սեփական որոշումը պարտադրելուն ուղղված քայլեր իրականացնելու համար:
Այնուամենայնիվ, մեկ բան հստակ է, ՀՀ-ում այս պահին աշխատում է միայն մեկ տարբերակ` ինքնակազմակերպման, ստեղծագործականության, լայնածավալ մոբիլիզացիայի արդյունքում պարտադրել սեփական որոշումը:
Նարեկ Ամյան