տուն Հասարակություն Մշակույթ Ինտրիգը հանգուցալուծվեց, «անանիմկաներ» էլ չկան. ո՞վ է Ստանիսլավսկու թատրոնի տնօրենը

Ինտրիգը հանգուցալուծվեց, «անանիմկաներ» էլ չկան. ո՞վ է Ստանիսլավսկու թատրոնի տնօրենը

727
0

Araratnews.am-ն նախորդ տարի անդրադարձել էր  Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ստեղծված իրավիճակին: Թատրոնի դերասան Յուրի Իգիթխանյանը, որը հունվարի 9-ից մինչեւ հուլիսի 9-ը եղել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Փեթակում» հաղորդմանը մանրամասներ էր ներկայացրել ստեղծված իրավիճակից:

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի մրցույթում թատրոնի տնօրեն է ընտրվել ժամանակավոր պաշտոնակատար Մարիաննա Մխիթարյանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր Յուրի Իգիթխանյանից հետո:

Araratnews.am-ը դերասան, տնօրենի մրցույթին մասնակցած Յուրի Իգիթխանյանին հարցրեց՝  սպասելի՞ էր Մարիաննա Մխիթարյանի ընտրվելը, եւ ինչ կարծիք ունի մրցույթի, դրա չափորոշիչների մասին:

Դերասանը նախ հիշեցրեց մրցույթի ժյուրիի կազմը՝ Նարինե Մալյան, Ռուբեն Բաբայան, Հակոբ Ղազանչյան, Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը եւ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, որը նաև մրցույթի հանձնաժողովի նախագահն էր, եւ ԿԳՄՍ նախարարության 5 աշխատակից:

Տնօրեն ընտրվելու հայտ էին ներկայացրել Յուրի Իգիթխանյանը, Վարդան Գրիգորյանը, Մարիաննա Մխիթարյանը:

Յուրի Իգիթխանյանի խոսքով՝ մրցույթի առաջին փուլը հաղթահարել են երեք հայտատուները: Երկրորդ փուլում քննարկել են թեկնածուների՝ թատրոնի զարգացման հայեցակարգերը: «Երկրորդ փուլում ստացել եմ 5 կողմ, 5 դեմ ձայն: Վարդան Գրիգորյանը՝ 10 դեմ ձայն, իսկ Մարիաննա Մխիթարյանը՝ 10 կողմ ձայն: Թե ովքեր են դեմ կամ կողմ քվեարկողները, հայտնի չէ, քանի որ քվեարկությունը փակ է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Յուրի Իգիթխանյանը դեմ չէ, չի բողոքարկելու մրցույթի արդյունքները, սակայն կարծում է՝ թատրոնի՝ ՊՈԱԿ-ի ղեկավարի ընտրության չափանիշները փոքր-ինչ անհասկանալի են: «Միմյանց հայեցակարգերի քննարկումները չլսեցինք, բայց կուզենայի իմանալ, թե ինչպիսին էր Մարիաննա Մխիթարյանի ծրագիրը, որն արժանացավ 10 «կողմ» ձայնի: Բացի այդ՝ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է տնօրենի բոլոր թեկնածուներին քվեարկել, բայց ընտրությունն այդպես չի լինում: Մենք ինչպես ենք ընտրում վարչապետ կամ նախագահ: Ընտրում ենք մեկին»,- կարծում է պարոն Իգիթխանյանը:

Մրցույթին, Իգիթխանյանի խոսքով, իրեն՝ հանձնաժողովի անդամ Ռուբեն Բաբայանը հարցրել է, թե ինչ կարծիք ունի, եթե թատրոնում ռուս գրողների ստեղծագործությունները հայերեն ներկայացվեն: «Ես վատ եմ վերաբերվում: Բացի այդ՝ դա թատրոնի հիմնադրի՝ նախարարության  որոշելիքն է: 1990-ականներին լուսահոգի Գրիգորյանը՝ թատրոնի հիմնադիրը, ամեն ինչ արել է, որ ռուսաց լեզուն հնչի բեմից: Էքսպերիմենտալ ձեւով կարելի է անել, սինխրոն թարգմանություն ականջակալներով կամ տիտրերով ,համաձայն եմ ,բայց բեմից հայերենի հնչելու հանգամանքը կփոխի թատրոնի առաքելությունը և ձևաչափը»,- վերհիշում է իր պատասխանը պարոն Իգիթխանյանը:

Մարիաննա Մխիթարյանը, դերասանի խոսքով, եւս դեմ է արտահայտվել այդ մտքին: Իսկ հանձնաժողովի նախագահ Արա Խզմալյանն ասել է՝ դա ընդամենը հարց է:

Յուրի Իգիթխանյանին հորդորել են նորից թատրոն վերադառնալ, թիկունք լինել Մարիաննա Մխիթարյանին, սակայն նա ասել է՝ կա ընտրված թեկնածու, ում ծրագիրը հավանության է արժանացել, ուստի իր թատրոնում գտնվելը նպատակահարմար չէ:

Ինչ վերաբերում է Յուրի Իգիթխանյանի դեմ պաշտոնակատար եղած ժամանակ գրված անանուն նամակներին եւ դրանց հիման վրա հարուցված իրավական գործընթացին, այն դեռ շարունակվում է: «Ամեն դեպքում նոր անանուն նամակներ դեռ գրված չեն»,- ծիծաղելով ասաց Յուրի Իգիթխանյանը:

Սոնա Դավթյան