տուն Լուրեր Ինսուլինակախյալ հիվանդներն այսուհետ 100 տոկոսով կապահովվեն ինսուլինով. Դերենիկ Դումանյան

Ինսուլինակախյալ հիվանդներն այսուհետ 100 տոկոսով կապահովվեն ինսուլինով. Դերենիկ Դումանյան

98
0

arm13794982143

 

Այսօր Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ ինսուլինի գնման արդյունքում առաջացած ավելորդ գումարի վերաբերյալ հարցին ի պատասխան առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց.

«Իսկապես անցած տարվա գնումների մեջ ինսուլինի գնման հետ կապված մենք բավական մեծ խնայողություններ ունեցանք: Մասնավորապես, այն ամպուլաները, որ նախկինում մենք ձեռք էինք բերում 12 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, ուղիղ գնումներ կատարելով արտադրողից, մենք ձեռք բերեցինք 3 դոլար 30 ցենտին համարժեք դրամով: Այնուհետև մենք պայմանագիր ստորագրեցինք արտադրող ընկերության հետ հինգ տարի ժամկետով, և հինգ տարի այդ գումարով դեղ ենք ձեռք բերելու: Բնականաբար, ամեն տարի բավականին գումարներ  կխնայվեն այդ նպատակի համար: Ես պետք է ասեմ, որ ինսուլինակախյալ հիվանդների թիվը Հայաստանում կազմում է 12800 մարդ,  և յուրաքանչյուր տարի մենք ունենում ենք ևս 1200 նոր հիվանդներ, որոնք կարիք ունեն ինսուլին ստանալու: Նախկինում, երբ պլանավորում էինք, ցավոք սրտի, հաշվի չէինք առնում յուրաքանչյուր տարի ավելացած հիվանդների հարցը, այդ իսկ պատճառով՝ առաջանում էր որոշակի դեֆիցիտ տվյալ տարվա հիվանդների սպասարկման առումով: Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր տարվա համար մենք մոտավորապես 90 տոկոսով էինք կարողանում ապահովել ինսուլինակախյալ հիվանդներին ինսուլինով և դեղահաբեր ընդունող հիվանդներին՝ ընդամենը 30 տոկոսով: Ասեմ, որ պետության կողմից երաշխավորված անվճար դեղորայքով սպասարկվում են մոտավորապես 150 հազ. քաղաքացիներ: Սա միայն ԱՆ կենտրոնացված գնումների հաշվին: Այս խնայողությունների հաշվին մենք նպատակ ունենք ապահովվածությունը հասցնել 100 տոկոսի: Օրինակ անցած տարի վեց խումբ հիվանդությունների գծով շուրջ 150 հազ. հիվանդների մենք ապահովել ենք դեղորայքով, բացառությամբ դեղորայք օգտագործող դիաբետով հիվանդների, որոնց ապահովվածության ցուցանիշը հասցրել ենք 65 տոկոսի: Այստեղ ևս նպատակ ունենք հասնել 100 տոկոսանոց ցուցանիշի»: