Սերժ Սարգսայնիˋ սեպտեմբերի 3-ին արտահայտած դիրքորոշումըˋ կապված ՄՄ անդամակցելու հետ, վերջին շրջանում լայն քննարկումների և քննադատությունների թեմա է դարձել, ինչպես նաև տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել: Ինչ կտա մեզ ՄՄ անդամակցումը, արդյոք այդ քայլից հետո լուծում կտրվի շատ այլ հարցերի, ինչպիսին կլինի հետագայում Եվրոպայի վերաբերմունքը ՀՀ նկատմամբ: Այս և այլ հարցերի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանի հետ:
-Պարոն Սարոյան, ինչ եք կարծում, Սերժ Սարգսյանը ՄՄ անդամակցելու որոշում իրոք ՌԴ-ի ճնշումների արդյունքում է կայացրել, ինչպես նշում են փորձագետների մի մասը, թե այլ նկատառումներից ելնելով:
— Ես չեմ կարծում, թե Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Սերժ Սարգսյանն է կայացրել: Որոշումը կայացրել է Կրեմլը, իսկ Սերժ Սարգսյանը հրապարակել է այն, այնպես, ինչպես եղավ մի քանի տարի առաջ ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկին, երբ Մոսկվայում հայտարարվեց Գյուլին Երեւան հրավիրելու՝ հայ-թուրքական մերձեցման գործընթացը սկսելու մասին: Այստեղ անգամ ճնշումներ տերմինը տեղին չէ: Ինչ ճնշումների մասին է խոսքը, երբ գործ ունենք կամակատարության հետ: Այնպես որ այլ նկատառումներ չկան, բացի ռուսական կայսերական շահերը սպասարկելուց:
— Արդյո՞ք ՄՄ անդամակցելուց հետո կլուծվեն Կովկասում առկա շատ հարցեր:
— Եթե խոսքը վերաբերում է Կովկասում առկա հակամարտություններին, ապա ոչ մի հարց էլ չի լուծվի: Նման ռազմաքաղաքական նշանակության թնջուկները ստեղծված չեն նրա համար, որ լուծում գտնեն: Կայսրությունները դրանք օգտագործում են իրենց ներկայությունը տարածաշրջանում պահպանելու համար, եւ հիմարություն կլինի կարծել, թե իրենք իրենց իսկ ձեռքով կհրաժարվեն նման արդյունավետ լծակներից: Հակառակը՝ հակամարտությունների «կարգավորման» գործընթացում մի կողմի շահերի դաշտում ոտքը ամրապնդելուց հետո, հարկ կլինի այդ շահերը ոտնատակ տալ՝ հակամարտության մյուս կողմի մոտ նոր ոտնատեղ բացելու համար: Իսկ եթե խոսքը մեր ռազմավարական նշանակության տնտեսական հարցերի մասին է, ասենք՝ գազի գնի կամ ատոմակայանի մասին, ապա նման կարգի խնդիրներում գործում է երկու քայլ առաջ — մեկ քայլ հետ բանաձեւը՝ վերջնական նպատակակետ ունենալով հենց մեկ քայլ առաջը: Ավելի պարզեցնեմ միտքս:
Տերությունների քաղաքականության մեջ տասնամյակներով հղկվել է նպատակակետին հասնելու մի մեխանիզմ, երբ խնդրի լուծմանը հասնելու համար նշաձող սահմանվում է «չափից ավելը»ˋ ի վերջո ցանկալի չափի վրա կանգնելու համար: Հիմա միայն կարող ենք ականատեսը լինել բարդագույն մի խաղի, որտեղ օգտագործելով ՄՄ մտնելու «առավելությունների» փաստարկը, Ռուսաստանը միաժամանակ կկանգնի օրինակ գազիˋ իրեն ցանկալի գնի վրա՝ դա ներկայացնելով որպես Հայաստանի կողմից ձեռքբերում, այն դեպքում, երբ գազի գինը ուռճացվել էր հենց որպես փաստարկ՝ որպես ՄՄ մտնելու առավելություն:
-ՄՄ անդամակցելով ՀՀ կկորցնի՞ իր սուվերենությունը, ինչպես շատերն են պնդում:
— Հայաստանը վաղուց արդեն չունի պետության բավարար կենսագործունեության համար անհրաժեշտ սուվերենությունը: Մենք մեր ռազմավարական նշանակության տնտեսական ու քաղաքական դաշտերը, ինչպես նաեւ արտաքին հարաբերություններն ինքնուրույն որոշելու ներուժը վաղուց սպառել ենք՝ դրա դիմաց բուծելով փողի մոլուցքով ապրող անհագ քրեաօլիգարխիային: ՄՄ անդամակցելը եւս մի քանի քայլով կիջեցնի ինքնիշխան պետություն դառնալու Հայաստանի նշաձողը: Այն Ռուսաստանին հնարավորություն կտա նրա վերահսկողության տակ գտնվող Մաքսային միության առանձին վերպետական մարմինների միջոցով որոշելու մեր մաքսային քաղաքականությունն ու չմիջնորդավորված, առավել լիարժեք ազդելու արտաքին առեւտրով առանձնացող Հայաստանի տնտեսության վրա:
-ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլյազևը իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ոչ թե ՌԴ-ն է Հայաստանին մղել ՄՄ-ին անդամակցելու որոշմանը, այլ Եվրոպական միությունը, ՀՀ-ին իր սուվեներությունից զրկելու ցանկությամբ: Ինչ դիտարկում ունեք այս տեսակետի վերաբերյալ:
-Դա դեմագոգիկ հայտարարություն է եւ ուղղված է մեր լսարանին: Կայսրական չինովնիկները երբեմն դիմում են նման շուլերության՝ տեղում գործող մեր հայրենակից իրենց գործակալներին քաղաքական առանձին կեղծ թեզերով զինելու համար:
-ՄՄ վերջնականապես անդամակցելուց հետո, ինչպիսին կլինի, ըստ Ձեզ, Եվրոպայի վերաբերմունքը Հայաստանին:
— Կարծում եմ կա երկու տարբերակ: Առաջինը՝ համակերպվելու եւ ըստ այդմ ծրագրավորելու հետագա «համագործակցությունը», եւ երկրորդ՝ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու: Առայժմ անորոշություն է նկատվում Եվրոպայի մոտ, որը հավանաբար պայմանավորված է ԱՄՆ ներքին անկայունությամբ եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության կովկասյան ուղղության հետ նկատված անհամապատասխանությամբ: Եւրոպան ներկայացնող քաղաքական շրջանակները մի տեսակ հանկարծակիի են եկել Հայաստանի Մաքսային միություն մտնելու մտադրությանը ԱՄՆ կոշտ հակադարձման բացակայությունից եւ փորձում են հասկանալ դրա հիմքերը:
Էմմա Պալյան