Այսօր վաղ առավոտյան հակառակորդը կրկին կրակահերթ է արձակել, բայց ոչ գյուղի ուղղությամբ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզի Ոսկեպարի վարչական շրջանի ղեկավար Սերոբ Մախսուդյանը:
Ինչպես հայտնի է, երեկ՝ մարտի 8-ին, ժամը 14․30-ից 15․00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից 2 կրակահերթ է արձակել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի վրա: Գնդակոծության հետևանքով գնդակներից մեկը խոցել է Ոսկեպարի բնակիչ Սերյոժա Աղամյանի առանձնատան բաղնիքի պատը, մյուսը՝ դիպել բաղնիքում տեղադրված ջրի տարողությանը։
Ոսկեպար վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ հակառակորդի գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղի 4 առանձնատուն վնասելով՝ տան պատրերն ու տանիքները:
«Վնասվել է նաև բակում կայանված մեքենան, փառք Աստծո վիրավորներ չունենք: Այս պահին գյուղում խաղաղ է, հավելեմ, որ վերջին անգամ գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ էր արձակել մարտի 1-ին»,-աղբյուրի հետ զրույցում նշել է Սերոբ Մախսուդյանը: