Երեկ իրանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որ Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հայտարարել է, որ երկրի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան։
Քանի որ հայ-իրանական հարաբերությունները մեզ համար չափազանց կարևոր են, ուստի Araratnews.am-ը որոշեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ զրուցել Ռոհանիի այցից մեր ակնկալիքներից, հայ-իրանական հարաբերություններում առկա բացերից ու հնարավոր զարգացումներից։
— Պարո՛ն Ոսկանյան, Ռոհանիի այցը սպասված էր, քանի որ դեռևս ամիսներ առաջ էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց Իրանում նրան հրավիրել Հայաստան, մասնավորապես մասնակցելու Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի աշխատանքներին։ Ո՞րն է լինելու մեր օրակարգային թեման Իրանի պաշտոնյայի հետ։
— Այցը նախատեսվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն գագաթնաժողովի շրջանակներում, բայց չափազանց կարևոր է նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգի առումով, որը բավական հարուստ է, և դրա շուրջ բնականաբար լուրջ քննարկումներ պիտի ծավալվեն այցի ընթացքում։ Կարծում եմ՝ այդ օրակարգում չափազանց կարևոր դեր պետք է ունենան և, եթե ներառված չեն, անպայման պետք է ներառվեն հատկապես բանակցությունները Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքին Հայաստանի մասնակցության հարցը, որովհետև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը որպես դրա մեկ բաղադրիչ և Իրան-Հայաստան երկաթգծի ծրագրի քննարկումը և իրականացման դաշտ տեղափոխումը բխում են ոչ միայն մեր երկրի տնտեսական շահերից, այլ նաև աշխարհաքաղաքական առումով կարող են ամրապնդել մեր պետության դիրքերը՝ ըստ էության օգնելով մեզ հաղթահարել ադրբեջանա-թուրքական թշնամական շրջափակումը։ Հետևաբար, այս երկու ծրագրերը, կարծում եմ, անպայման պետք է ներառվեն բանակցությունների օրակարգ, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստան-Իրան երկաթուղու վերաբերյալ խոսակցություններն ակտիվացել են նաև Իրանի վերլուծական շրջանակների հրապարակումներում, և իրանցիները կարծես թե պատրաստ են ինչ-որ առումով միջնորդական առաքելություն իրականացել չինական կողմի հետ, որպեսզի այս ծրագիրն ընդգրկվի Մետաքսի ուղու շրջանակներում, հետաբար աշխատելու շատ տեղ կա, պետք է առիթն անպայման օգտագործենք այս խնդիրը քննարկելու համար իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում։
— Մենք Իրանի հետ ունենք նաև էներգետիկ ոլորտում բանակցելու մեծ ներուժ, այս մասի՞ն ինչ կասեք։
— Հարաբերությունների մյուս ոլորտը բնականաբար էներգետիկ ոլորտն է։ Այսօր իրականացվում է երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը, բայց սրան զուգահեռ Հայաստանը պետք է փորձի ձևավորել եռակողմ, քառակողմ ձևաչափեր հատկապես գազային ոլորտի վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է այդ ծրագրերում Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի ներգրավմանը, ինչը կարող է մեր երկրին բերել ոչ միայն տնտեսական շահույթներ, այլև ապահովել մեր պետության կենսական շահերը աշխարհաքաղաքական տիրույթում։
— Իսկ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների համատեքստում Հայաստանն ի՞նչ կարող է շահել այս գործակցությունից։
— Եվրասիական տնտեսական միության համատեքստում պետք է չափազանց կարևորել Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկումը, որովհետև այն կարող է կարևոր դերակատարություն ունենալ ոչ միայն Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների, այլև Իրան-ԵԱՏՄ կապերի ամրապնդման առումով՝ հաշվի առնելով, որ Հայաստանը միակ պետությունն է ԵԱՏՄ շրջանակներում, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ։ Հետևաբար այս հարցը նույնպես պետք է դառնա օրակարգային։ Կարծում եմ, հայ-իրանական հարաբերությունների օրակարգը պետք է, ի վերջո, տեղից շարժվի դեպի գործնական տիրույթ՝ բնականաբար հաշվի չառնելով որևէ ճնշում, որն առկա է Հայաստանի վրա։
— Իսկ այն հանգամանքը, որ Իրանի վրա լրջագույն պատժամիջոցներ կան, և Ռոհանիի Հայաստան այցը չի կարող վրիպել միջազգային հանրության աչքից։ Ի՞նչ կասեք այդ մասին։
— Ընդհանուր առմամբ Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհաքաղաքական պայմաններում, որոնք ստիպում են մեզ հանդես գալ Իրանի հետ բացառիկ հարաբերություններ կառուցելու տեսլականով։ Խոսքը վերաբերում է ոչ միայն իրանական կողմի հետ տարվող աշխատանքներին, այլև ամերիկյան կողմի հետ իրականացվելիք գործընթացներին, որովհետև ակնհայտ է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները բխում են մեր պետության կենսական շահերից, և մեր հարաբերությունների աճին խոչընդոտող ցանկացած գործընթաց պետք է կանխվի խանձարուրում։ Ի վերջո, եթե Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության գործընկերն է, ապա պետք է ըմբռնումով մոտենա մեր աշխարհաքաղաքական շահերին, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանը Իրանի հետ զարգացնում է իր հարաբերությունները հազարամյակներ շարունակ, անկախ զանազան գործընթացներից և ճնշումներից։ Հետևաբար ճնշումների այս փուլն էլ պետք է հաղթահարել և առաջ գնալ, որովհետև մենք այս հարաբերություններով ապահովում ենք մեր պետության անվտանգությունը։
— Բայց կա՞ իրականում Հայաստանի վրա ճնշում Իրանի հետ հարաբերություններ կառուցելու հարցում։
— ՀՀ-ի վրա ակնհայտ ճնշում կա։ Դրա մասին բարձրաձայնվել է նաև պաշտոնական մակարդակով, դրա ապացույցն են բանկային համակարգում, նույնիսկ Իրանի հայազգի քաղաքացիների հաշիվների հետ կապված խնդիրները, դրա ապացույցն է իրանական ավիափոխադրողի ելքը հայկական շուկայից, որը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ցանկում և չի բխում մեր պետության շահերից։ Բայց ցանկացած պատժամիջոց իր հետ բերում է նոր հնարավորություններ, քանի որ այդ պայմաններում Հայաստանի նշանակությունն Իրանի համար զգալիորեն աճում է, և մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից և ապահովենք մեր պետության առաջընթացը և անվտանգությունը։