տուն Քաղաքական Հայաստան Ինչ պաշտոնանկություններ են սպասվում

Ինչ պաշտոնանկություններ են սպասվում

352
0

Զինված ուժերում ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով վերջին մեկուկես ամսվա ընթացքում գրանցված մեկ տասնյակից ավելի մահացությունները մտահոգիչ են:  

Հանրային պահանջն է` օր առաջ բացահայտել բանակում կատարված հանցագործությունները: Այս էր երեկ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրված խորհրդակցության թեման. հրավիրվել էին Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և իրավապահ մարմինների ղեկավարներ։ Քննարկվել են վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներն ու պատճառները:  

Կառավարությունում հրավիրված խորհրդակցությունից հետո, մամուլում շատ արագ լուրեր տարածվեցին բանակում պաշտոնանկությունների մասին: Տարածված լուրերի համաձայն՝ ազատման դիմում կներկայացնի Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, ՊՆ Բարոյահոգեբանական վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը և ուրիշներ:

Ավելի աղմկոտ էին հատկապես Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու և Ջալալ Հարությունյանին Արցախի ՊԲ նոր հրամանատար նշանակելու մասին լուրերը:

Լուրերի իսկությունը ճշտելու համար Araratnews.am-ը կապ հաստատեց նախ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս կոնկրետ պատասխան չտվեց:

«Ես իրավասու չեն նման ինֆորմացիա տրամադրել»,- կտրուկ ասաց Ա. Հովհաննիսյանը:

Գրեթե նմանատիպ պատասխան տվեց նաև ՊԲ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանը. «Նման տեղեկություն չունեմ: Դուք հրամանը տեսե՞լ եք: Էլի եմ ասում` նման տեղեկություն չունում»:

Սենոր Հասրաթյանն ասաց նաև,որ իրենք առաջնորդվում են հրամաններով ու փաստաթղթերով: Եթե այդպիսիք չկան, խոսելն ապարդյուն է:

Ստացվեց այսպես`պաշտոնանկությունների մասին լուրերը ոչ հաստատվեցին, ոչ էլ հերքվեցին: Մնում է սպասել պաշտոնական հայտարարություններին:

Հայկ Մագոյան