տուն Քաղաքական Վերլուծական Ինչ հնարավորություն կորցրեց ՀՀ «դիվանագիտությունը» Սիրիայում

Ինչ հնարավորություն կորցրեց ՀՀ «դիվանագիտությունը» Սիրիայում

369
0

Ժամանակակից աշխարհում համաշխարհային նոր մարտահրավերների, արագ զարգացող իրադարձությունների ֆոնին խիստ անհրաժեշտություն է վարվող արտաքին դիվանագիտության օպերատիվությունն ու ճկունությունը: Սակայն ՀՀ արտաքին դիվանագիտությունը առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում իր ձախողումներով. Հայ-թուրքական արձանագրությունները, Եվամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը, սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը: Հայկական դիվանագիտության իմպոտենտությունը վկայող փաստեր կարելի է անվերջ թվարկել:

Նույնիսկ տարածաշրջանային կարևորագույն իրադարձությունների պարագայում ՀՀ արտաքին գերատեսչությունը չի խորշում գլուխը թաղել ավազի մեջ մինչև միջազգային այլ խաղացողների դիրքորոշումների հստակեցումը` լավագույն դեպքում ողջունելով ընդունված այս կամ այն բանաձևը, հայտարարությունը կամ իր մեծ եղբոր շահերին չհակասող հայտարարություններ տալով: Այսպիսով Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտից  աստիճանաբար վերածվում է օբյեկտի, ֆուտբոլային դիվանագիտության տերմինաբանությամբ դատավորից, կամ գոնե խաղացող թիմից` գնդակի:

Այս գնդակը իր վրա խաղացողի դեր չվերցրեց նույնիսկ այնպիսի կարևորագույն խնդրում, ինչպիսին է սիրիական ճգնաժամը: Այս հարցում Հայաստանի կողմից հստակ դիրքորոշման արտահայտումը, նախաձեռնողականության ցուցաբերումը կարող էր բարձրացնել Հայաստանի` որպես տարածաշրջանային խաղացողի միջազգային կշիռը: Սրա համար նպաստավոր էր թե’ հայկական բազմահազարանոց սփյուռքը այս երկրում, թե Հայաստանի` տարածաշրջանի միակ քրիստոնեական պետություն լինելու հանգամանքը: Մինչդեռ ՀՀ իշխանությունները բավարար նախաձեռնողականություն չցուցաբերեցին անգամ հայկական սփյուռքի հարցում, բացի մի քանի շղարշային քայլերից:

Հայաստանը կարող էր հանդես գալ որպես հայկական սփյուռքի, ինչու չէ նաև ամբողջ Սիրիայի քրիստոնեական բնակչության շահերը բարձրաձայնողը միջազգային հարթակներում, ստանձնել վերջիններիս և կոնֆլիկտի կողմերի ու մյուս խաղացողների միջև միջնորդի դերը: Սա ոչ միայն կբարձրացներ ՀՀ դիվանագիտության կշիռը միջազգային ասպարեզում, այլ նաև կարող էր դրական ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա: Սիրիայի հայկական սփյուռքի կազմակերպած ներգաղթ իրականացնելու դեպքում Հայաստան կմտներ նաև նրանց կողմից տիրապետվող կապիտալը` ինչը նոր շունչ կհաղորդեր տնտեսությանը, իսկ հետագայում նույնիսկ ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցը: Սա կարող էր վստահություն ձևավորեր նաև քրիստոնեական բնակչության ոչ հայկական հատվածի մոտ, ինչը կապահովեր եթե ոչ ներգաղթ, ապա գոնե կապիտալի տեղափոխում Հայաստան:

Հ.Գ. Մոտ 50 հազար սիրիացի քրիստոնյա դիմել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը` խնդրելով տրամադրել Ռուսաստանի քաղաքացիություն: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից:
Նշվում է, որ դիմումը ստացվել է Դամասկոսի Կալամուն շրջանից: Դրանում սիրիացի քրիստոնյաները նշել են, որ «Արևմուտքի կողմից աջակցություն ստացող ահաբեկիչների նպատակն իրենց Սիրիայից դուրս մղելն է»: Քրիստոնյաները նաև նշել են, որ իրենք աջակցության կարիք չունեն, ունեն անհրաժեշտ գումարային միջոցներ, պարզապես ցանկանում են ստանալ ՌԴ քաղաքացիություն. «Մենք ամեն անհրաժեշտն ունենք, գումար չենք խնդրում», – ասվում է  դիմումի մեջ:

 Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here