Ինչպես Araratnews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բավականին բուռն կերպով քննարկվել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ստացավ բացասական եզրակացություն: Ինչ կտար մեզ այդ նախագծի ընդունումը և ինչ կինի հիմա, երբ այն չընդունվեց: Այս և այլ հարցերի շուրջ մեր թղթակիցը զրուցել է ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ։ Նա նկատել է, որ ներկայիս իշխող կուսակցոթյունը դեռևս վաղաժամ է համարում Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը.«Բայց մեր կուսակցության տեսակետը հետևյալն է`Արցախը պետք է դիտարկել որպես Հայաստանի մաս, իսկ դրան տանող ճանապարհներից մեկը կարող է լինել ԼՂՀ ճանաչումը»: Ժամանա՞կն է արդյոք, որպեսզի ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը եւ ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ հարցին Խանումյանը պատասխանել է.«Կարծում եմ, դա կունենա միայն դրական հետևանքներ, որովհետև դրանով էականորեն փոփոխություն կլինի թե բանակցությունների, թե տարբեր միջազգային հարաբերություններում»: Մեր թղթակիցը ԼՂՀ կուսակցապետից փորձել է ճշտել, թե ինչպիսին է ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետը այս հարցի հետ կապված.«Կարող եմ ասել, որ նրանց արձագանքը անցյալ անգամներում եղել է այնպես, ինչպես իշխող հանրապետական կուսակցության տեսակետն է,այսինքն Արցախի իշխանություններն այդ քննարկումները չեն ընդունում, նրանք գտնում են, որ ԼՂՀ-ի ճանաչումը կարող է խնդիրներ առաջացնել ՀՀ-ի համար և այլն: Այսինքն կարող ենք ասել, որ այս հարցի վերաբերյալ ՀՀ և ԼՂՀ իշխանությունների կարծիքները համընկնում են»:
Էմմա Պալյան