տուն Հասարակություն Իրավական Ինչ կապ ունի փոխնախարարը ԱՕԿՍ-ի շենքի քրեական գործի հետ. պաշտոնյայի պարզաբանումը

Ինչ կապ ունի փոխնախարարը ԱՕԿՍ-ի շենքի քրեական գործի հետ. պաշտոնյայի պարզաբանումը

1451
0

Օրեր առաջ Araratnews.am-ը գրել էր պատմամշակութային շենքի՝ ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման, ապա օֆշորային ընկերությանը վաճառելու մասին:

Հրապարակել էինք այն պաշտոնյաների անունները, որոնք կապ ունեն գործարքի հետ: Նրանցից մեկը, ըստ հրապարակումների, ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանն է:

Հիշեցնենք՝ ԱՕԿՍ-ի շենքի նկուղային հարկի 270 քառակուսի մետր մակերեսով տարածքը 2011-ից պատկանել է Հասմիկ Պողոսյանի (մշակույթի նախկին նախարարի) որդուն՝ Վաղարշակ Հակոբյանին, որը 2017-ին իր ունեցած բաժնեմասերի 50 տոկոսը օտարել է կրթության, գիտության, սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանին։

Նա, սակայն, Araratnews.am-ի հետ զրույցում հերքեց իր բաժնեմասի կապը  պաշտամշակութային հուշարձանի վաճառքի եւ ոստիկանության հայտարարության հետ:

Պարոն Թամրազյան, 2019 թվականին ասել եք, որ ԱՕԿՍ-ի շենքի նկուղային տարածքը սեփականաշնորհած «Թիֆլիս» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը ձեռք եք բերել «ընկերների հետ համատեղ, բայց գրանցել եք Ձեր անունով»: Ըստ Ձեր խոսքի՝ Ձեր փաստացի ունեցվածքը չի համապատասխանում Ձեր հայտարարագրված ունեցվածքին՝ որպես պետական պաշտոնյա:

Ոչ, համապատասխանում է: Իմ անունով գրանցված գույքը ես հայտարարագրել եմ: Բացի այդ՝ նշված տարածքը դեռ խորհրդային տարիներից եղել է «Թիֆլիս» ռեստորանի տարածք, որեւէ կապ չունի ԱՕԿՍ ՀԿ-ի հետ: Այդ գործընթացը՝ «Թիֆլիս» ռեստորանի տարածքի սեփականաշնորհումը, եղել է 1996-ին, իսկ ես այն ձեռք եմ բերել 21 տարի անց՝ 2017 թվին:

Կարո՞ղ ենք իմանալ, թե համատեղ ձեռք բերվածի կոնկրետ քանի՞ տոկոսն է Ձեր ներդրումը:

Իմ անունով գրանցված է 50 տոկոսը: Ինչ վերաբերում է ընկերների հետ ձեռք բերելուն, դա այն հարցն է, որին չեմ ցանկանում պատասխանել:

Քանի որ բարձրաստիճան պետական պաշտոնյա եք, կարևոր է, որ հանրությունը տեղեկանա, թե այդ բաժնեմասի «ընկերների հետ համատեղ ձեռքբերումը» ինչպիսի իրավական ընթացակարգով է իրականացվել:

Իրավական նորմալ ընթացակարգով:

Դա ի՞նչ է նշանակում: Ձեր ընկերները, օրինակ, առձեռն գումար են տվել Ձեզ, Դուք էլ այն փոխանցել եք շենքի բաժնետոմսերի սեփականատիրո՞ջը:

Ես առձեռն վճարել եմ գումարը այն անձին, ումից ձեռք եմ բերել բաժնետոմսերը:

Ձեր ընկերներն ինչպե՞ս են աջակցել Ձեզ:

Աջակցությունը եղել է գումարային տեսքով:

Իսկ 50 տոկոս բաժնեմասի մեջ ձեր ընկերների ներդրումը որքա՞ն է եղել:

Դա իմ ու ընկերների գործն է, չեմ ուզում պատասխանել:

Բայց քրեական գործ է հարուցվել…

Ոչ մի քրեական  գործ էլ չկա կոնկրետ «Թիֆլիս» ՍՊԸ-ի մասով: Ոստիկանության հայտարարությունը վերաբերում է ԱՕԿՍ ՀԿ-ին եւ նրա սեփականաշնորհմանը: «Թիֆլիս» ՍՊԸ-ը դեռ խորհրդային տարիներից «Թիֆլիս» ռեստորանն է, որը ԱՕԿՍ ՀԿ-ի տարածք չէ:

Կարո՞ղ ենք իմանալ, թե ովքեր են Ձեր ընկերները:

Ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնց մասին չեմ էլ ուզում բարձրաձայնել:

Դուք ասում եք՝ «ԱՕԿՍ-ը և «Թիֆլիսը» տարբեր ընկերություններ են և Դուք կապ չունեք ԱՕԿՍ-ի հետ»: Սակայն պարզվել է, որ պատմական ԱՕԿՍ-ի շենքի նկուղային տարածքի 50%-ը  ձեռք եք բերել Վաղարշակ Հակոբյանից, որը նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի որդին է: Հասմիկ Պողոսյանն Արմեն Սմբատյանի հետ սեփականաշնորհել է ԱՕԿՍ-ի շենքի մնացած հատվածը, որը հետագայում օտարվել էր օֆշորային ընկերության…

Ես ձեռք եմ բերել գույքը Վաղարշակ Հակոբյանից: Ինչ վերաբերում է ԱՕԿՍ-ի սեփականաշնորհմանը, ինձ ոչինչ հայտնի չէ:

Բայց Դուք չեք հերքի, որ Արմեն Սմբատյանի ընտանիքի հետ երկարամյա ջերմ ընկերություն եք անում, մասնավորապես՝ նրա որդիներից մեկը Ձեր մանկության ընկերն է, իսկ մյուսը՝ գործընկերը: Փաստորեն, ամբողջական շենքի երեք սեփականատերերից առաջինը Ձեր ընտանիքի ընկերն է, երկրորդից ձեռք եք բերել ԱՕԿՍ-ի շենքի նկուղային տարածքի սեփականությունը: Դուք բացառո՞ւմ եք որևէ կապ ԱՕԿՍ-ի գործի և Ձեր գործարքի միջև:

Ես բացառում եմ, քանի որ դրանք տարբեր ընկերություններ են: Ոստիկանության հաղորդագրությունն էլ եթե նայեք, ապա հարցը վերաբերում է ԱՕԿՍ-ի սեփականաշնորհմանը: «Թիֆլիս» ՍՊԸ-ը ձեռք եմ բերել Վաղարշակ Հակոբյանից, որն էլ իր հերթին ձեռք է բերել x անձնավորությունից:

Դե x անձնավորությունը Վաղարշակ Հակոբյանի մայրն է՝ նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ինչքանով ես տեղյակ եմ, Հասմիկ Պողոսյանը կապ չունի «Թիֆլիս» ՍՊԸ-ի հետ: «Թիֆլիս» ՍՊԸ-ը սեփականաշնորհվել է 1996 թվականին: Իսկ գույքը ես ձեռք եմ բերել 21 տարի անց:

Իսկ այն հարաբերությունները, որոնք թվեցինք…

Վաղարշակ Հակոբյանի հետ մտերիմ հարաբերություն չունեմ, իսկ Ալեքսանդր ու Սերգեյ Սմբատյաններն իմ ընկերներն են: Նրանց ընտանիքի հետ ունեմ ջերմ հարաբերություն:

Համաձա՞յն եք ոստիկանության հաղորդագրության բովանդակությանը, որ պատմամշակութային շենքը հանել են հուշարձանների ցանկից, սեփականաշնորհել են ու վաճառել օֆշորային ընկերությանը:

Ես որեւէ մեկնաբանություն չունեմ, դա իրավական գործընթաց է: Եթե կլինեն մեղավորներ, թող պատասխան տան օրենքի առաջ:

Մինչ օրս Ձեզ իրավապահները սույն քրեական գործի հետ կապված հարցաքննե՞լ են: 

Չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին: Քրեական գործով ես որեւէ կարգավիճակ չունեցող անձ եմ: Իմ բաժնեմասի հետ կապված քրեական գործ չկա:

Սոնա Դավթյան