Դեկտեմբերի 12-ին Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել, ըստ որի Հայաստանին 25 միլիոն եվրո կհատկացվի Արևելյան գործընկերության ինտեգրացիայի և համագործակցության ծրագրի շրջանակներում: Նշվում է, որ Հայաստանին տրվող ֆինանսավորումը ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարին, հանրային ծառայությունների բարեփոխմանը, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական հասարակությանն ուղղակի աջակցություն ցուցաբերվելուն:
Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին կատարած հայտարարությունից հետո բնական է եվրոպացիների այդպիսի մոտեցումը: Եթե մինչև այդ ֆինանսավորումը տրամադրվում էր թե´ պետական հատվածին, և թե´ քաղաքացիական, ու իրավիճակից ելնելով փորձ էր արվում հակակշիռներ ստեղծել պետության (իշխանությունների) և քաղաքացիական հասարակության միջև, ապա ներկայումս, Արևմուտքի միակ հենարանը Հայաստանում կարող է հանդիսանալ քաղաքացիական հասարակությունը:
Սակայն վերջին զարգացումները ցույց տվեցին, որ տարատեսակ ծրագրերի միջոցով քաղաքացիական հասարակության ֆինանսավորումը չի տվել սպասելի արդյունք: Հետևաբար, Եվրոպական միության հարաբերությունները թե´ իշխանությունների, և թե´ քաղաքացիական հասարակության հետ վերափոխման կարիք ունեն: Հավանաբար քաղաքացիական հասարակության ուղղակի աջակցություն ցուցաբերելու նախաձեռնությունը հենց այդ շարքից է: Պատահական չէ, որ սեպտեմբերի 13-ին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Եվրամիության ընդլայնված հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել էր, որ իրենք հաստատ չեն հրաժարվելու Հայաստանից և հայ ժողովրդից. «Մենք հաստատակամ ենք, որ չենք հրաժարվելու Հայաստանից և աջակցելու ենք երկրի տնտեսության արդիականացմանը և բարեփոխմանը և այն ամենին, ինչը կօգնի այս երկրին մերձենալ Եվրամիությանը»:
Այսպիսով, դեռևս սեպտեմբերի 13-ին, Շտեֆան Ֆյուլեն իր հարցազրույցում նախանշել է Հայաստանի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հայաստանյան հանրության հետ հարաբերություններում սպասվող փոփոխությունները, քաղաքացիական հանրության հետ ավելի սերտ համագործակցելու ցանկությունը: Մյուս կողմից, եվրոպական քաղաքականության մշակողները հավանաբար հասկացել են, որ միայն քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը չի կարող բերել զգալի արդյունքի և անհրաժեշտ է նաև մեծացնել Արևմուտքի տնտեսական ներկայությունը Հայաստանում:
Նարեկ Ամյան